«Արարատ 73»-40 տարի անց. Սուրեն Մարտիրոսյանի հիշողություններում թարմ է «Արարատ, հուպ տուր»-ի մոգական ազդեցությունը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵնՊՐԵՍ: Լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլային ակումբի պաշտպան Սուրեն Մարտիրոսյանը ջերմորեն է հիշում 1973 թվականի վառ ու հաղթանակներով լի օրերը: Նրա պատմությունը հարուստ է զվարճալի դեպքերի հիշողությամբ ու խաղընկերների մասին հետաքրքիր բացահայտումներով: «Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել տարիների հեռվից «Արարատ 73»-ի երբեք չմարող ու սերունդներին հպարտություն պարգևող այդ հաղթանակների կերտման նորահայտ մանրամասները:

Պատմում է Սուրեն Մարտիրոսյանը

Ծնվել է 1949-ին: Պաշտպան եւ կիսապաշտպան: սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի Ա խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1968 թվականից: 1973 թվականի երկիր գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության հղթող: 1973 ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների կազմումԼ Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է 79 խաղի, խփել 1 գնդակ:

-40 տարի է անցել «Արարատ»-ի հաղթական 1973 թվականից, ինչպե՞ս է այն մնացել Ձեր հիշողությունում:

-Կարծում եմ, կարեւորը ոչ թե մեր, այլ ժողովրդի հիշողությունն է: Հաճախ պատահում է, որ մեր տարիքի մարդիկ կամ մեզնից փոքրերը տեսնում են մեզ փողոցում, մոտենում են, հիշում, ուրախանում այդ օրերով: Հենց մեր ժողովուրդը չի մոռանում: Այսքան տարի է անցել, բայց դեռ հիշում է ու հպարտանում: Ու երբ հիշում են, մենք մի տեսակ ջահելանում ենք, դառնում այդ ժամանակների երիտասարդները: Կարծում եմ` այն դեռ երկար կհիշվի:

-Հիմա «Արարատ 73» լսելիս, ի՞նչն եք առաջինը մտաբերում:

-Գուցե տարօրինակ թվա, բայց հիշում եմ երկրպագուների ««Արարատ», հուպ տուր» բացականչություները: Այդ խոսքերը շատ էին մեզ օգնում: Հենց իրենց օգնությամբ մենք հաղթեցինք: Ուր էլ գնայինք հանդիպման, ամենուր այդ ««Արարատ», հուպ տուրը» լսվում էր մարզադաշտում: Համոզված էինք, որ երկրպագուները միայն տեղի հայերը չէին, Հայաստանից էլ էին մարդիկ գալիս: Եվ, վերջապես, այդ տարի ես երկրորդ անգամ հայր դարձա: Միշտ աղջկաս ասում եմ, որ դու իմ ոսկե եւ «խրուստալնի» աղջիկն ես:

-1973-ին Ձեզ` «արարատցիներիդ», հաջողվեց երկու գագաթ նվաճել` ԽՍՀՄ գավաթը եւ Բարձրագույն լիգայի չեմպիոնությունը, ինչի՞ հետ եք կապում այդ կրկնակի հաջողությունը:

-«Արարատ»-ն արդեն պատրաստ էր նման հաջողության: Եվ հենց մեր ժողովուրդն էր, որ սպասում էր ինչ-որ վերելքի: Բոլորն էին սպասում այդ հաղթանակին, քանի որ մեր ազգի մեջ առաջին անգամն էր, որ թիմային հաղթանակ պիտի լիներ: Մենք տոնել էինք Տիգրան Պետրոսյանի հաղթանակը` շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելիս, Յուրի Վարդանյանի ռեկորդները եւ Օլիմպիական չեմպիոնությունը, իսկ մենք թիմով էինք հաղթել: Բացի դրանից, ֆուտբոլը շատ մասսայականություն է վայելում ամենուր, եւ մեր ժողովրդի մեջ էլ շատ է ընդունված:

-Պաշտպան էիք: Անցկացրած խաղերի ընթացքում ընդամենը մեկ գոլ եք խփել: Պատմեք խնդրեմ Ձեր առաջին եւ վերջին գնդակը ո՞ւմ դարպասին խփեցիք:

-Մեր հարձակվողներից շատերին, երբ հարցնում են` հիշում ես այս կամ այն խաղի ժամանակ խփած գոլերդ, հաճախ ասում են` ոչ: Իսկ ես միշտ հիշում եմ, որովհետեւ ընդամենը մեկ գոլ էր:Դա Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ խաղում էր: Մեր կիսապաշտպաններից Մարկարովը մոտ 25 մետրից տուգանային հարված կատարեց, ես այդ տարածքում էի եւ խփեցի: Նրանց դարպասապահը համբավավոր Միլլեսն էր: Նա միայն կարողացավ մատների ծայրով դիպչել գնդակին, բայց, ինչպես ասում են, լինելու բանը պետք է լինի: Եվ իմ խփած այդ միակ գնդակն էլ մեզ հաղթանակ բերեց: Այդ հանդիպումն ավարտվեց նվազագույն հաշվով` 0-1:

-Եղե՞լ են զվարճալի պահեր, որոնք մտապահել եք հաղթանակների բերկրանքով հիշվող այդ օրերից:

-Մենք թիմում շատ մոտ ու ընկերական էինք միմյանց հետ: Հիշում եմ Լեւոն Իշտոյանին դիմում էինք Իշտո, Նիկոլայ Ղազարյանին «թռչող հոլանդացի». գիտեք` նա շատ արագաշարժ էր, եւ կասեմ` անգամ Օլեգ Բլոխինից: Սերգեյ Բոնդարենկոյին «Բոնդ» էինք ասում, Ջեյմս Բոնդի «պատվին», եւ ինքն էլ այդպես էր ստորագրում` Բոնդ:Զվարճալի, ծիծաղաշարժ իրավիճակներ շատ են պատահել: Այդպիսի մեկը պատմեմ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ գնացինք ուսումնամարզական հավաքի: Վահագն Օրդյանը նոր էր նշանակվել մեզ բժիշկ: Իշտոյանի մոտ այդ ժամանակ գլխի հետեւում մազեր չկային: Այդպիսին էր նաեւ նոր բժշկի մոտ: Ես եւ Նորիկ Դեմիրճյանը նստած էինք բժիշկ Օրդյանի հետեւում, եւ մեզ թվում էր, թե առջեւում Իշտոյանն է նստած: Ճանապարհին պնդուկ էինք ուտում: Մենք անընդհատ խփում էինք Վահագնի գլխին, կարծելով թե Իշտոյանն է: Մի անգամ խփեցինք, երկու, երեք, իսկ Օրդյանը ոչ մի արձագանք չէր տալիս: Ես անհանգստացած կրկնում էի. «Նորիկ, գուցե Իշտոյանը չէ»: Մի քանի անգամ խփելուց հետո Վահագնի համբերությունը սպառվեց, եւ շրջվելով մեզ ասաց. «Տղաներ, ինչ եք ուզում նոր եմ եկել, թողնեմ գնամ, հա»: Հետո պարզվեց, որ Իշտոյանը մեր թիկունքում էր նստած:

-Ինչպիսի մարզիչ, ընկեր, ուսուցիչ էր Նիկիտա Սիմոնյանը:

-Առաջին հերթին Սիմոնյանը անսահմանորեն մարդկային էր: Ես կարծում եմ, որ մեծ էր նրա դերը մեր թիմի այդ հաջողության մեջ: Նա շատ շուտ էր կողմնորոշվում, մեզ հասկանում: Դե, մենք այն տարիքին էինք, որ պատրաստ էինք ամեն ինչի, փորձն էլ արդեն կար: Սիմոնյանին մնում էր միայն մեզ ճիշտ տեղաբաշխել մարզադաշտում: Վերջինս նաեւ շատ բախտավոր մարզիչ էր: Բոլորը գիտեին, որ Նիկիտա Սիմոնյանը հաջողակ է, ուր գնում էր, հաստատ մի մրցանակ նվաճում էր:

-Ֆուտբոլը թողե՞լ եք վերջնականապես, թե դեռ կապը կա:

-Ոչ, ցավոք սրտի, կապ այլեւս չունեմ: Թոշակառու եմ:

-Իսկ Սուրեն հայրիկի կամ պապիկի ֆուտբոլային ուղին շարունակող կա՞ ընտանիքում:

-Երեք թոռնիկ ունեմ միայն մեկն է այստեղ, երկուսը Մոսկվայում են ապրում: Փոքր թոռնիկս Մոսկվայում զբաղվում եւ մարզվում է ֆուտբոլով: Սկզբնական շրջանում մարզվում էր «Լոկոմոտիվ»-ի, Մոսկվայի «Դինամո»-ի մարզադպրոցում: Բայց քանի որ Մոսկվան շատ մեծ է եւ տեղաշարժվելը բավականին ժամանակատար էր, հիմա Մարինյան շրջանի «Մոսկվիչկա» ակումբում է խաղում:

-«Դինամո»-«Արարատ» գավաթի եզրափակիչ.դուք չմասնակցեցիք այդ խաղին դեղին քարտի պատճառով: Ինչպե՞ս սկսվեց Ձեզ համար այդ օրը: Ինչպե՞ս եք հիշում այժմ:

-Սկսեմ նրանից, որ այդ օրն ինձ համար ամենատխուր օրն էր, բայց դարձավ ամենաուրախը: Այդ խաղի նախորդ խաղում Երեւանում հյուրընկալել էինք Մոսկվայի «Դինամո»-ին եւ հանդիպումը դատում էր Բախրամովը` ադրբեջանցի մրցավարը: Ես ստացա իմ երկրորդ դեղին քարտը, եւ այդ ժամանակ այսպիսի մի կանոն կար, երկրորդ դեղինի դեպքում բաց ես թողնում հաջորդ պաշտոնական հանդիպումը: Երբ հասանք Մոսկվա, Նիկիտա Սիոնյանն ասաց, որ ես բոլորի պես նախապաստրաստվեմ, ինքը գնա Ֆեդերացիա խոսելու, համոզելու, որ ինձ թույլատրեն խաղալ: Հաջորդ օրն առավոտյան տխուր մոտեցավ ինձ ու ասաց հետեւյալը .«Պետք է քեզ տխրեցնեմ, պետք է բաց թողնես այս հանդիպումը»: Եվ դա եղավ իմ տխուր օրը, որը վերածվեց ամենաուրախալի օրվան:

-Հիմա սիրելի ակումբ ունե՞ք, հետեւո՞ւմ եք ազգային հավաքականի խաղերին:

-Կստեմ, եթե ասեմ, որ մոլի երկրպագուի պես նայում եմ ամեն խաղ, բայց Մեսսիի խաղի շնորհիվ հետեւում եմ «Բարսելոնա»-ի մրցելույթներին: Իսկ ազգային հավաքականի խաղերից ոչ մեկը բաց չեմ թողնում: Ներկա էի ՀՖՖ-ի անցկացրած «լավագույն մարզիչ» մրցանակաբաշխությանը: Երբ տղաներին մոտիկից տեսնում, ճանաչում եւ շփվում ես հետները, նոր հասկանում ես ինչքան լավն են մեր հավաքականի տղաները: Հույս ունեմ, որ մեր ֆուտբոլը մեծ ապագա ունի:

Սուրեն Մարտիրոսյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները` «Արմենպրես»-ի արխիվի եւ Սամվել Բերքիբեկյանի

Հայերեն English

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը