Տնտեսություն

Doing Business: Հայաստանում տուրիզմի զարգացումը 25-ամյա Դանիել Ավանեսյանին հուշեց ուղեկցող-գիդի ծառայություն հիմնել

4 րոպեի ընթերցում

Doing Business: Հայաստանում տուրիզմի զարգացումը 25-ամյա Դանիել Ավանեսյանին հուշեց ուղեկցող-գիդի ծառայություն հիմնել

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին «Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը ուղեկցող-գիդի ծառայություններ մատուցող գործարար երիտասարդ է, ով սկսնակներին խորհուրդ է տալիս ոչնչից չվախենալ եւ գործը սկսելու համար ռիսկի դիմել:

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիել Ավանեսյանը 25 տարեկան է: Նա տուրիստական բիզնեսում արդեն երկու տարվա փորձ ունի: Սեփական գործ հիմնելու գաղափարն առաջացել է անցած տարի, երբ ուսումնասիրել է ոլորտը և հասկացել, որ այն զարգանում է և կարող է ապահովել իր եկամուտը: «Տեսա, որ Հայաստանում տուրիզմը տարեցտարի ավելի է զարգանում: Ես էլ որոշեցի այդտեղ փորձել ուժերս, համ էլ ՓՄՁ ԶԱԿ-ն այդ պահին հարմար տարբերակ առաջարկեց»,- նշում է Դանիելը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած բիզնես դասընթացներին մասնակցելուց հետո Դանիելը ստացել է կենտրոնի միջոցով բանկերի տրամադրած արտոնյալ վարկը, մեքենա է գնել և սկսել տրամադրել տուրիստական ծառայություններ: Սկսել է անցած տարվա նոյեմբերից: Չնայած դեռ զբոսաշրջային սեզոնը չի սկսվել, Դանիելն արդեն մի քանի խմբերի ուղեկցել է Գառնի-Գեղարդ, Սևան, Դիլիջան, Նորավանք, Խոր վիրապ, մի խմբի էլ տարել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Բիզնես դասընթացին մասնակցելիս Դանիելն արդեն ունեցել է անգլերենի բավարար գիտելիքներ, որպեսզի մատուցի նաև ուղեկցող-գիդի ծառայություններ:

Գործի ընթացքում բարդություններ դեռ չի ունեցել: Ընդհակառակը` համոզված է, որ Հայաստանում բիզնես սկսելու և զարգացնելու համար անհրաժեշտ է միայն աշխատասիրություն. ընթացակարգերը շատ են պարզեցվել,- ասում է: «Նախկինում այդպես չէր, քաշքշուկը շատ էր, հիմա ընդամենը 20 րոպե է տևում գործ գրանցելը»,- ասում է երիտասարդ սկսնակ գործարարը:

Գործից և ապագայից ակնկալիքները դրական են: «Փորձը ցույց է տալիս, որ ամառվա սեզոնին զբոսաշրջիկները շատ են այցելում Եվրոպայից և այլ վայրերից»,- ասում է Ավանեսյանը:

Դանիել Ավանեսյանի ընտանիքն Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել, երբ այնտեղ սկսվել են ճնշումները հայերի նկատմամբ: Բաքվից Երևան են եկել 1988թ. նոյեմբերին, երբ Դանիելը դեռ 3 ամսական է եղել: Ընտանիքը Հայաստանում է փորձել կայանալ և կառուցել իր ապագան: Դանիելի հայրը` Համլետը, և եղբայրը` Գրիգորին, նույնպես աշխատում են զբոսաշրջության ոլորտում: Ուստի, իր բնորոշմամբ, իր գործը որոշ չափով կարելի է նաև ընտանեկան բիզնես համարել: Դեռ ամուսնացած չէ: Մտածում է կայանալ բիզնեսում, հետո միայն մտածել ամուսնանալու մասին: Դանիելն իր ապագան տեսնում է միայն Հայաստանում, չի ցանկանում արտասահման մեկնել:

Իր նման երիտասարդներին, ովքեր ունեն գործարար գաղափարներ, սակայն զգուշանում են կամ վախենում դրանք իրականացնելուց, Դանիելը խորհուրդ է տալիս դիմել ռիսկի և փորձել: «Մինչև ռիսկի չդիմես, այս կյանքում ոչնչի չես կարող հասնել»,- ասում է արդեն ռիսկի դիմած երիտասարդ գործարարը:

Հաջողության պատմությունը տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում