ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց համազգային շարժումը վերագրանցվել է որպես կուսակցություն: Այս մասին մայիսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀՇ նախկին անդամ Արարատ Զուրաբյանը:«Հայոց համազգային շարժման վերագրանցման հայտարարությունը մենք նախաձեռնել ենք չորսով, բայց մեր ընկերներն այս ասուլիսից անմիջապես հետո միանալու են հայտարարությանը: Մենք բոլորի հետ կխոսենք և բոլորի տեսակետը կհստակեցնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Արարատ Զուրաբյանը` հավելելով, որ բոլոր ցանկացողները կարող են միանալ ՀՀՇ-ին:«Հայոց համազգային շարժում» կուսակցության վերագրանցման նախաձեռնողներն են Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը եւ Կարապետ Ռուբինյանը:
Կուսակցության ֆինանսավորումը լինելու է անդամավճարի համակարգի ներառման ձևով: «Մենք գտել ենք ճիշտ ճանապարհը, մեր ծախսերը պետք է հավասարազոր բաժանվեն մեր անդամների միջև: Մի բան ակնհայտ է, որ շուրջ 1000 մարդ կարող է ֆինանսավորել ցանկացած գործընթաց, ամեն դեպքում դեռ ժամանակը ցույց կտա, թե քանիսը կներգրավվեն կուսակցությունում»,-ասաց Զուրաբյանը` հավելելով, որ վերագրանցման դիմումով իրենք արդեն դիմել են Արդարադատության նախարարություն:
Վերածնվող կուսակցության համակիրների թիվն, ըստ Զուրաբյանի, արդեն հասնում է 200-ի: Քաղաքական այս ուժի համագումարը ծրագրված է սեպտեմբերի 14-ին, իսկ մինչ այդ լինելու է նախապատրաստական շրջան: «ՀՀՇ-ն մի տուն է, որտեղից շատերն են դուրս եկել: Մենք բոլորս հիմնադիր անդամներ ենք, առաջին համագումարին մասնակցել ենք: ՀՀՇ-ի անվանափոխումն այնքան էլ ճիշտ չէր, քանի որ կարծիք կազմվեց, թե ստեղծվում է նոր կուսակցություն: Տեղի ունեցավ գաղափարախոսության փոփոխություն, որը որոշակիորեն շեղվում է այն սկզբունքներից, որին դավանել է ՀՀՇ-ն: Մենք մեզ համարում են ՀՀՇ-ի իրավահաջորդ, իսկ եթե ՀԱԿ-ի մեր գործընկերներն ասում են, որ միայն իրենք են իրավահաջորդ, ապա դա իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Արարատ Զուրաբյանը:
Հարցին, թե ինչպես են պատկերացնում ՀՀՇ-ն առանց Լևոն Տեր-Պետրոսյանի` Զուրաբյանն ասաց. «Չթերագնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանի դերը` ասեմ, որ ՀՀՇ առաջին նախագահը եղել է Վազգեն Մանուկյանը»: «Մենք նաև ոչ մի կապ չունենք Վանո Սիրադեղյանի հետ, բայց ամեն ինչից զատ` նա հայ մարդ է, ունի ընտանիք, կին, տղա, և ես կարծում եմ, որ բոլորիս առաջնային ցանկությունն է, որ նա վերադառնա Հայաստան, թե որտեղ նա իրեն կտեսնի, դա արդեն ինքը կորոշի»,-ասաց Զուրաբյանը:
ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը նշեց, որ կուսակցության կազմավորումը կլինի մինչ աշուն: Իսկ ՀՀՇ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով` նորովի կազմավորվող կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, «բայց Հայաստանում շատ հաճախ համագործակցելն ու գործարքը շփոթում են, ինչը մենք կփորձենք վերացնել»:
Նախաձեռնողները բոլորն էլ ՀՀՇ նախկին անդամներ են: Նրանց նպատակն է, վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ-ի պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանում:
ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարի ժամանակ կողմ ձայների մեծամասնությամբ ՀՀՇ-ն միացավ «ՀԱԿ» կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: