Ոստիկանության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել իրենց զոհված զինակիցների հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներն ու վետերանները մայիսի 9-ի առավոտյան Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի զոհված զինակիցների պայծառ հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորել է Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան ազատամարտի վետերան ոստիկաններին:Ոստիկանության պատվիրակությունը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել նաև Անհայտ զինվորի շիրմին՝ ի նշան երախտագիտության և ի հիշատակ Մեծ հայրենականում հաղթանակը կռած և հանուն խաղաղության իրենց կյանքը զոհաբերած զինվորների: