Հայ, թուրք եւ եվրոպացի գործիչները ստորագրահավաքով կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն ստորագրահավաք է մեկնարկել, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Nouvelles s`Armenie-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ Ալեքսի Գյովչյանը նշել է, որ ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կայացած ոգեկոչման արարողությանը մասնակցելով` ինքը և եվրոպացի մի քանի գործիչներ իրենց աջակցությունն ու նվիրվածությունն են հայտնել այդ պատմական նախաձեռնությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հակառասիստական ժողովրդական շարժման նախագահ Բենջանին Աբթան, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Նիկոլա Դավիդյանը, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Այշե Գունայշուն եւ մի շարք թուրք մտավորականներ:«Մենք մեր աջակցությունը հայտնեցինք Թուրքիայի այն քաղաքացիներին, որոնց թիվը գնալով ավելանում է, ովքեր յուրաքանչյուր օր պայքարում են Հայոց ցեղասպանության իրողությունը հիշատակելու համար և ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք գիտենք, թե որքան դժվար է այս աշխատանքը Թուրքիայում անելը, ինչի համար նախ պետք է մեծ քաջություն ունենալ»,- ասել է Գյովչյանը:

Պատասխանելով հարցին` ինչ մթնոլորտ է տիրել այդ օրը Թաքսիմ հրապարակում, Գյովչյանն ասել է, որ այն ողողված է եղել մեծ զգացմունքներով, անկեղծությամբ և արժանապատվությամբ: Վերջինիս խոսքով`Թաքսիմ հրապարակում հավաքվածների ճնշող մեծամասնությունը քրդեր և թուրքեր են եղել:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ իրենք հանդիպել են թուրք մտավորականների և ակտիվիստների հետ, ինչպես նաև թուրքական զորամասում սպանված Սևակ Շահին Բալըքչըի ծնողներին. Սեւակը Հայոց ցեղասպանության վերջին զոհն էր:«Թուրքիայում մթնոլորտն ինչ որ չափով փոխվում է, մենք լսում ենք Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշումներ, սակայն ժխտողականությունը և մերժողականությունը դեռևս գերակշռում է: Երիտասարդների մի զանգված այսօր առերեսվում է իր պատմության մութ էջին: Նրանց թիվն այնքան էլ շատ չէ, սակայն մթնոլորտը և վերաբերմունքն անկասկած փոխվում է:Ես համոզված եմ, որ սփյուռքահայերն այսօր ունեն երկու հորիզոն. մենք պետք է նայենք դեպի Հայաստան ու Արցախ, որոնք մեր հայրենիքն են, ինչպես նաև դեպի Թուրքիա, քանի որ այնտեղ են մեր արմատները: Այս համատեքստում մենք մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու»,- նշել է Գյովչյանը:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում արդեն հինգ տարի շարունակ անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներ, որոնց մասնակցում են Թուրքիայի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ և քաղաքացիներ:

Հայերեն English Русский

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Եվրոպական ինդեքսներ - 20/10/26