Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը ծաղրով է վերաբերվում քաղաքական այժմյան դաշտին. Սուրենյանց

3 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը ծաղրով է վերաբերվում քաղաքական այժմյան դաշտին. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաղաքականության մեջ չկա այլընտրանք կատեգորիա. կամ իշխանության մաս ես կամ ընդդիմություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Քաղաքական կուսակցությունը կամ պետք է լինի իշխանության մաս և պատասխանատվություն կրի խորհրդարանական մեծամասնության գործունեության համար, և այդ առումով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնվում է անբնական վիճակում: Այլընտրանք կատեգորիա չկա քաղաքականության մեջ»,- ասաց Սուրենյանցը:

Նա նաև շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դասական առումով քաղաքական ամբողջություն չէ:

«Գագիկ Ծառուկյանը գերադասեց երկրում չլիներ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ, իսկ նրա կուսակցության որոշ անդամներ ներկա գտնվեցին, դա դարձավ այն լակմուսի թուղթը, որը ի ցույց դրեց ԲՀԿ-ի ոչ միասնական քաղաքական ուժ լինելը»,- ասաց Սուրենյանցը:Նրա խոսքով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հավաքվել են տարբեր ցանկությունների տեր մարդիկ:

«Օրինակ, Վարդան Օսկանյանի դիրքորոշումը հաճախ է տարբերվում ԲՀԿ-ի դիրքորոշումից: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Վարդան Օսկանյանը և Գագիկ Ծառուկյանը նույն թիմում չեն լինի»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի «ՀԱԿ» կուսակցության համագումարի ժամանակ հնչեցված ելույթին` Սուրենյանցն ասաց. «Ինձ մոտ մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ նա քաղաքական դաշտի վրա կայֆ է բռնում:Լևոն Տեր-Պետրոսյանի ոճն է այդպիսին, նա սիրում է ծաղրով վերաբերվել: Ես խորին հարգանք ունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի անձի հանդեպ, բայց քսան տարի շարունակ ես չեմ հասկանում` ինչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական իմաստով»,- ասաց Սուրենյանցը: Ըստ քաղաքագետի` Տեր-Պետրոսյանին կարող են մեղադրել տարբեր մեղքերի մեջ, բայց նա դասական առումով քաղաքական գործիչ է և չի կարող մասնակցել «ծիսական» արարողությունների:

«ՀԱԿ» կուսակցության ապրիլի 13-ի համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «գնամ Րաֆֆի Հովհաննիսյանին միանամ, ինչ անեմ, գնամ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթեմ, դա իմ մանկության երազանքը չի եղել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում