Մշակույթ

Հայերեն լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը

3 րոպեի ընթերցում

Հայերեն լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն լույս է տեսել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի` Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Այն ռուսերենից թարգմանել է Արտակ Վարդանյանը, գրքի առաջաբանի հեղինակը Արամ Անանյանն է, իսկ խմբագիրը` Սեյրանուհի Գեղամյանը: Շրջանառվում է վեպի ազդ օրինակը:Գիրքը հրատարակել է «Գրաբեր» հրատարակչությունը:

Հատկանշական է, որ թարգմանիչը ծնունդով Նախիջեւանից է: Իսկ գրքի շապիկը պատկերազարդված է Լուսիկ Ագուլեցու, ով Այլիսլիի գրքի գործող հերոսներից է, «Ագուլիս» շարքի գեղանկարով:

Գիրքը մեծ աղմուկ եւ հիստերիայի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում:Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից եւ անհատական նախագահական կենսաթոշակից զրկելու մասին: «Քարե երազներ» վեպում, որն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում, Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն պատմում է անցյալ դարասկզբին Ագուլիսում եւ 1988-1990-ականներին Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդեր իրագործած ադրբեջանցիների վայրագությունների մասին: Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: Գրողը դիմել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի եւ այլ երկրների դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչություններին` խնդրելով ծանոթանալ իր վեպին եւ վերաբերմունք արտահայտել նրա նկատմամբ: Այլիսլին ափսոսանք է հայտնել իրեն «Ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական կենսաթոշակից զրկելու մասին Ալիեւի հրամանագրի առնչությամբ: Իսկ նրա նկատմամբ հալածանքների ու հիստերիայի գագաթնակետը«Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդի հայտարարությունն էր` 10 հազար մանաթ պարգևավճար Աքրամ Այլիիսլիի ականջը կտրելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում