Իրավունք

Հակաիրավական յուրաքանչյուր գործողության համար պատասխանատվությունն անխուսափելի է. ՀՀ ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Հակաիրավական յուրաքանչյուր գործողության համար պատասխանատվությունն անխուսափելի է. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, հակաիրավական յուրաքանչյուր գործողություն կատարող անձ անվերապահորեն ենթարկվելու է պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորպես ասված է. «ՀՀ ոստիկանությունն իր երեկվա հայտարարությամբ նախազգուշացրել էրայսօրվա երթի ժամանակ լիազոր մարմնի սահմանափակումները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:

Չնայած դրան, հավաքի մի շարք մասնակիցներ մասամբ խախտել են երթի ուղին, դրանով իսկ թույլ տալով հակաիրավական գործողություններ:Չնայած հավաքների ազատության բնագավառում Հայաստանում գործող իրապես ազատական օրենքի, ինչպես նաև այդ օրենքի հիման վրա ձևավորված այնպիսի պրակտիկայի, որը որևէ կերպ չի խաթարել հավաքների ազատությունը, այսօրվա հավաքի մի շարք մասնակիցներ չեն գիտակցում նման օրենքի արժեքը և այն ոտնահարելու հետևանքները, իրենց պարտքն են համարում ամեն առիթով խախտել օրենքը, դիմում են սադրանքների` փորձարկելով մեր հանրության ու ոստիկանության համբերությունը և օրենքի պահանջները պահպանելու նրա կամքը:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը խստագույնս նախազգուշացնում է նման սադրիչներին` իրավական, հատկապես նաև վարչական պատասխանատվության անխուսափելիության մասին և արձանագրում է, որ առանձին հակաիրավական արարքներ որոշ հանգամանքներում հանդուրժելու ոստիկանության լիազորությունը այլևս հնարավոր չէ գործադրել և ոստիկանությունն ապահովելու է պատասխանատվության անխուսափելիությունը հակաիրավական յուրաքանչյուր գործողության համար` առանց որևէ վերապահումների:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը պահանջում է հավաքի բոլոր մասնակիցներին անվերապահորեն կատարել կազմակերպիչների ցուցումները, ինչպես նաև չդրդել ՀՀ քաղաքացիներին հակաիրավական գործողությունների»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում