4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում տավարի ցեղային կազմի բարելավման, տոհմասելեկցիոն աշխատանքների, նաեւ նոր տոհմային տնտեսությունների ձևավորման համար այս տարի Ավստրիայից եւ Գերմանիայից տոհմային երինջներ կներկրվեն Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նախարարությունն այդպիսով նպատակ ունի բաձրացնել գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը եւ ավելացնել անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները: «Մեկ ամսվա ընթացքում Հայաստան կներկրվի կաթնային ուղղության տոհմային երինջների առաջին խմբաքանակը»,- ասաց նա: Նախատեսվում է ձեռք բերել կաթնատվություն ունեցող 250 գլուխհոլշտին, շվից եւ սիմենթալ ցեղի տոհմային երինջ: Գյուղատնտեսության փոխնախարարը տեղեկացրեց, որ դրանք տարաժամկետ վճարման պայմանով կհատկացվեն անասնապահական տնտեսություններին: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը կազմում է 326.5 միլիոն դրամ:
Նախատեսված է իրականացնել նաեւ գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքներ՝ տավարից ավելի շատ կաթնամթերք եւ միս ստանալու համար: «Սովորաբար կովերի միջին կաթնատվությունը տատանվում է 2000 լիտրի սահմաններում, իսկ մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների զանգվածը չի գերազանցում 300-320 կիլոգրամը: Տավարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաները եւ բարձր մթերատու ցեղերի օգտագործումը հնարավորություն են տալիս կովերից ստանալ տարեկան առնվազն 4000 լիտր կաթ, իսկ բտված տավարի մսի համար իրացնել 450 կգ եւ ավելի բարձր կենդանի զանգվածով»,- բացատրեց նա:
Սամվել Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարվա համար ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 135.0 միլիոն դրամ: «Նախատեսվում է սերմնավորման ծախսերի 50 տոկոսը փոխհատուցել պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ այս տարի լուրջ աշխատանքներ կիրականացվեն նաեւ արոտավայրերի արդյունավետ օգտագործման եւ կերարտադրության աճին նպաստելու ուղղությամբ: «Այս պահին մեր հանրապետությունում բոլոր արոտավայրերը չէ որ արդյունավետ օգտագործվում են, եւ բնականաբար գյուղատնտեսության նախարարությունը միջոցառումներ կձեռնարկի դրանց օգտագործմանը նպաստելու համար»,- ասաց նա: Կիրականացվեն նաեւ կերարտադրության աճին ուղղված միջոցառումներ, քանի որ այս տարի անասնագլխաքանակի լուրջ աճ է կանխատեսվում: Գյուղատնտեսության փոխնախարարն անդրադարձավ նաեւ Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ Իրանի Իսլամական Հանրապետությանը տրամադրելու հարցին՝ շեշտելով, որ այդ մասին վկայող որեւէ պետական փաստաթուղթ չկա, իսկ առանց պետական որոշման նման բան չի կարող լինել: Նա հույս հայտնեց, որ կգա ժամանակը, երբ այդ արոտավայրերը կօգտագործվեն մեր բնակչության կողմից, եւ նման խոսակցություններ այլեւս չեն լինի:
Անասնաբուծությունը Հայաստանում գյուղատնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է: 2012 թ. նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսական կենդանիների աճման ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրներում զբաղեցրել է առաջին տեղը: 2012 թ. նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները: Ընդ որում, մսի իրացման ծավալներն ավելացել են 2,4 հազար տոննայով (1.9%-ով) և կազմել 130,3 հազար տոննա, իսկ կաթի արտադրությունն ավելացել է 16.7 հազար տոննայով, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 2.8%-ով: Կաթի համախառն արտադրությունը կազմել է 618,1 հազար տոննա, իսկ ձվի արտադրությունը ավելացել է 24.5 մլն հատով կամ 3.9 %- ով: