Հատուկ նախագծեր

Doing Business. Սկսնակ գործարարը խորհուրդ է տալիս հետևել «Սպառողը միշտ ճիշտ է» կարգախոսին

6 րոպեի ընթերցում

Doing Business. Սկսնակ գործարարը խորհուրդ է տալիս հետևել «Սպառողը միշտ ճիշտ է» կարգախոսին

Փոքր և միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը երիտասարդ տնտեսագետ է, ով ճիշտ ժամանակին է հասկացել սեփական գիտելիքները բիզնեսում կիրառելու անհրաժեշտությունը, ու դա նրան հաջողություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանութամյա Արման Դավթյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Նա ուսումնառության տարիներից մշտապես ունեցել է տարբեր գործարար գաղափարներ, սակայն ԲՈՒՀ-ի տարիներին և հետո աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դրանցից մեկը կարողացել է իրագործել միայն 2012 թ. հուլիսին:

Արմանն ամուսնացած է, ունի 1 տարեկան 4 ամսական դուստր: Կինը` Դիանան, նորավարտ ատամնաբույժ է, ամուսնու պես նա էլ, որպես սկսնակ, ունի բարդություններ, հատկապես` ատամնաբուժական աթոռների վճարների վերաբերյալ վերջին հարկային փոփոխություններից հետո:

Արման Դավթյանը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցությամբ վարկ ստանալով, հիմնադրել է արագ մաքրման ծառայություն: Տնտեսագետի մասնագիտությունն օգնել է արագ կողմնորոշվել ու հասկանալ, որ Երևանում զգացվում է տան պայմաններում շտապ չոր քիմմաքրման ծառայությունների պակաս, և շուկան էլ դրա համար կա: «Գաղափար առաջացավ, որ քիչ թե շատ բարեկեցիկ բնակիչները, ովքեր կարող են վճարել սեփական բնակարանի մաքրության համար, օգտվեն ոչ թե ավանդական մաքրման ծառայություններից կամ փոշեծծիչով գործերի մաքրումից, այլ չոր քիմմաքրման ծառայությունից»,- պարզաբանում է Դավթյանը: Սկսել է զրոյից. ՓՄՁ ԶԱԿ-ի «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագրի շրջանակում ստացել է 3 միլիոն դրամ վարկ, ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումները, վարձակալել է տարածք, նորոգել և սկսել է մատուցել ծառայությունները:

Աշխատում են 4 հոգով: Օգոստոսից մինչև տարեվերջ պատվերների անդադար հոսք են ունեցել, Նոր տարվա տոներից հետո նկատվում է պատվերների անկում: Գործն ունի մի քանի բարդություն: Առաջին հերթին` մարդիկ դեռ չեն ընտելացել տնային պայմաններում չոր քիմմաքրման գաղափարին և ավանդաբար դեռևս նախընտրում են գորգերը և փափուկ կահույքն ուղարկել ջրով լվացող կենտրոններ: «Շուկայի հետազոտություն անցկացրեցի և պարզեցի, որ գործը նաև սեզոնային է: Այժմ ես գործը պահում եմ մեր ռեզերվային հիմնադրամի և իմ անձնական միջոցներով»,- ասում է գործարարը:

Սակայն կա նաև այլ բարդություն: Հարկային դաշտը բավական ճկուն չէ Արման Դավթյանի գործունեության համար. «Ես ծառայություն մատուցող կազմակերպություն եմ և պարտավոր չեմ ՀԴՄ սարք պահել: Բայց ես նաև իրականացնում եմ մանրածախ գործունեություն, ինչը ենթադրում է ՀԴՄ կտրոնների տրամադրում: ՀԴՄ-ն տրամադրվում է կոնկրետ հասցեին և տեղաշարժելու ենթակա չէ: Ես իմ ծառայությունները մատուցում եմ բնակարաններում: Քանի որ ես առանց տեղում չափում անելու չեմ կարող գին առաջարկել, դա նշանակում է, որ ես պետք է չափումից հետո վերադառնամ գրասենյակ և ՀՄԴ կտրոնը տպելուց հետո տանեմ բնակարան, ինչը ինձ համար կրկնակի ծախս է»,- բացատրում է Դավթյանը: Արմանը հարկային ծառայության ներկայացուցիչներին առաջարկել է աշխատել կանխիկ դրամարկղային օրդերով կամ հաշիվ-ապրանքագրերով, սակայն նրանք նշել են, որ այդ գործընթացը հնարավոր չէ վերահսկել: Բարդություններ են առաջանում նաև այն ժամանակ, երբ գործարարը դժվարանում է մարել վարկը: Դավթյանն առաջարկում է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բանկերի հետ կնքել վարկի ճկուն մարման փոխշահավետ պայմանագրեր:

Գործի առաջմղման հարցում Արմանին կրկին օգնել է տնտեսագետի մասնագիտությունը: Ուսումնասիրել է շուկայավարության մանրամասները և պարզել, որ իր առաջարկած ծառայության համար լավագույն գովազդը բարձրահարկ շենքերի վերելակներում գովազդային վահանակների ու պաստառների տեղադրումն է: «Մարդը միջինը վերելակում անցկացնում է 10 վայրկյան և այդ ընթացքում նա զբաղմունքի բացակայության պատճառով սկսում է ուսումնասիրել պաստառները»,-հասկացել է նա: Հենց դա էլ, ըստ Դավթյանի օգնել է, որպեսզի անցած տարին փակեն առաջընթացով:

Որպես սկսնակ գործարար` իր տարեկիցներին և մյուս երիտասարդներին, ովքեր գործարար գաղափարներ ունեն և ցանկանում են սկսել իրենց անկախ ֆինանսական կյանքը, Արման Դավթյանը հորդորում է գնալ ռիսկի. ինքը մշտապես առաջնորդվում է «Ռիսկը գործի կեսն է» սկզբունքով: Սակայն ռիսկի գործոնը հաղթահարելուց բացի, ըստ նրա, յուրաքանչյուր սկսնակ պետք է հասկանա գործի էությունը և հասկանա շուկայի պահանջարկը: Արման Դավթյանը նաև խորհուրդ է տալիս հետևել «Սպառողը միշտ ճիշտ է» կարգախոսին: «Նույնիսկ եթե գործարարը հասկանում է, որ ինքը ճիշտ է, բայց սպառողը պահանջում է հակառակը, պետք է զիջել»,- համոզված է տնտեսագետ-գործարարը:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել էՓոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում