Հատուկ նախագծեր

«Արարատ- 73»-40 տարի անց. աշխարհահռչակ հայերն ու միջազգային մամուլը «Արարատ»-ի հաղթանակը պատահական չէին համարում

7 րոպեի ընթերցում

«Արարատ- 73»-40 տարի անց. աշխարհահռչակ հայերն ու միջազգային մամուլը «Արարատ»-ի հաղթանակը պատահական չէին համարում

«Արարատ»-ի երկու գագաթները 1973-ին թերեւս ամենաանմոռացն էին ոչ միայն հայկական, այլ նաեւ` ԽՍՀՄ ֆուտբոլի պատմության մեջ: «Արմենպրես»-ը շարունակում է վերհանել ու ներկայացնել հայկական ֆուտբոլի դեռեւս միակ ոսկետառ էջի մասին այն տարիներին հնչած խոսքերը: «Արարատ 73»-40 տարի անց» նախագիծը ևս մեկ անգամ հիշեցում եւ հարգանք է մեր թիմի մասին: 1973-ին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ արդեն հայտնի էր ԽՍՀՄ գավաթակրի եւ բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն անունը, «Արարատ»-ի խաղի մասին «խոսում» էին ոչ միայն հայալեզու պարբերականները, այլ նաեւ` Խորհրադային միության և աշխարհի օտարալեզու թերթերը:

Եվ «թերթելով անցյալը» նորից վերապրենք այդ օրերի հպարտությունն ու հավատանք, որ մի օր այն կրկնվելու է:

Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն. «Կիկեր» պարբերական

Գլխավոր խմբագիր Կարլ-Հեյնց Հայման

«Ինձ վրա տեխնիկական առումով լավ տպավորություն թողեց «Արարատ»-ը: Թիմն օժտված է ժամանակակից խաղաոճով, հայ ֆուտբոլիստները լավ են տեղաշարժվում նաեւ առանց գնդակի»:

«Պրավդա» Մոսկվա,հուլիս

«Դժվար է հիշել, որ նախկինում երբևէ այդքան շատ եւ այդքան վստահորեն որեւէ թիմի համար կգուշակեին ֆուտբոլի երկրի առաջնության չեմպիոնությունը. Բայց ահա այս մրցաշրջանում շատերն արդեն դեռ երկրորդ խաղաշրջանի սկզբին այդպիսի հաջողություն են կանխագուշակում «Արարատ»-ին»:

«Ֆուտբոլ-հոկեյ» Մոսկվա, հուլիս

«Միթե կարելի է ասել, թե «Արարատ»-ի բախտը բերում է, իսկ մնացածներինը`ոչ: Ոչ: Իրերն իրենց անուններն ունեն: Երեւանցիների կայուն վարպետությունը եւ դրա բացակայությունը նրանց մրցակիցների մոտ` ահա իրականությունը»:

«Իզվեստիա», Մոսկվա, հոկտեմբեր

«Եվ բանը միայն այն չէ, որ Նիկիտա Սիմոնյանն առաջին անգամ չէ ֆուտբոլային ակումբները հաղթանակների հասցնում երկրի առաջնության մրցումներում, գավաթի համար եզրափակիչ հանդիպումներում, եւ, նույնիսկ անձամբ մեկ անգամ 1958 թվականի նոյեմբերի 2-ին երկրի գավաթի համար եզրափակիչ մրցման ժամանակ վճռական գնդակ է խփել Մոսկվայի «Տորպեդո»-ի դարպասը: Մարզիչի հաջողության գաղտնիքն այն է, որ նա մինչեւ խաղի վերջը հավատացել է, որ կարելի է հաղթել, եւ կարողացել է այդ հավատը ներշնչել իր սաներին, ովքեր անձնվեր խաղով նվաճեցին այդ փայլուն հաղթանակը»:

«Կոմսոմոլսկայա Պրավդա», հոկտեմբեր

«Խաղով այդ թիմին երբեք չես շփոթի մեր ֆուտբոլային ոչ մի այլ ակումբի հետ: Շքեղություն, թեթեւություն, հստակ տեխնիկա, հմտորեն կատարվող փոխանցումներ, կամք եւ գրոհ. ահա ինչպիսին է այսօրվա «Արարատ»-ը»:

Քառասուն տարի առաջ տպագիր մամուլում իրենց ցնծության մասին են արտահայտվել նաեւ մեծահամբավ հայերը եւ երբեմնի արարատցիները:

Առնո Բաբաջանյան. «Չափազանց դժվարին հաղթանակ էր: Ես համոզված էի: Երկրորդ խաղակեսում բաց թողած գոլից հետո լրիվ հալ ու մաշ եղա… Լրացուցիչ ժամանակում արդեն մենք տեսանք իսկական արարատյան խաղը: Բառերով դժվար է ասել, թե որքան ուրախ եմ մեր թիմի հաջողության համար: Շնորհավորում եմ բոլոր արարատցիներին եւ ցանկանում, որ այս նվաճումով նրանք չհանգստանան եւ պայքարեն առաջնությունում ուժեղագույնի կոչման համար»:

Էդուարդ Միրզոյան. «Մեր հպարտությունը, ինչպես ասում են, չափ ու սահման չունի: Եվ ուրախալի է, որ այս օրերին մեծ բերկրանքը կիսում են նաեւ մեր բարեկամնները եղբայրական մյուս հանրապետություններից: Օգտվելով առիթից` իմ շնորհավորանքներն եմ ուղղում «արարատցիներին» եւ, իհարկե, նրանց գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին: Նրա հրաշալի փորձը զուգադիպեց հայկական ֆուտբոլի վերելքի հետ, որը եւ տվեց իր հրաշալի արդյունքը»:

Տիգրան Պետրոսյան. «Իրոք որ մեր տղաներն այս տարի գեղեցիկ խաղով գերեցին մարզասերների ուշադրությունը: Նախկինում «Արարատ»-ի ֆուտբոլիստները վատ էին հանդես գալիս Մոսկվայում, ես նույնիսկ մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչպես երեւանցիները պարտվեցին «Դինամո»-ին 0-7 հաշվով: Իսկ այժմ ուրիշ է, երբ «Արարատ»-ն է խաղում, սիրով գնում ենք դիտելու նրանց խաղը»:

Իսկ ահա «Սովետական Հայաստան»-ն իր հոդվածը վերնագրել էր «Ճանապարհ, որ ձգվել է 19 տարի»: Խոսելով «արարատցիների» նվիրված խաղի եւ վարպետության մասին` թերթը մեջբերել է Նիկիտա Սիմոնյանի խոսքը. «Հաղթանակի փառքը ձեռք բերվեց դժվարին, համառ պաքարում: Պետք է ասել, որ բոլոր տղաները ջանք չխնայեցին, պայքարեցին մինչեւ վերջին վայրկյանը»:

1973 թվականն անմոռաց է մնացել մեր ավագ սերնդի հուշերում, ովքեր մասնակիցն ու ականատեսն են եղել այդ օրերի համաժողովրդական ցնծությանը: Այդ օրերի մասին «Արմենպրես»-ի համար վերհիշեց «Սովետական Հայաստան» թերթի բաժնի վարիչ եւ երկարամյա լրագրող Էդուարդ Շահիրյանը.

«1973 թվականը հիշելիս նորից ընկնում ենք երանության գիրկը: Տոնը, որ մեզ պարգեւեց «Արարատ» ֆուտբոլային թիմը, երկար ժամանակ մնացել էր մեր թերթի էջերում: Անդրադառնում էինք խաղային 90 րոպեների բոլոր պահերին: Սպորտային բաժնի պետ Խանիկ Բադալյանը կարծես մոռացել էր մյուս սպորտաձեւերը եւ միայն ֆուտբոլ էր գրում»:

Սրանք «Արարատ-73»-ի համար ասված ամբողջ խոսքերը չեն: Մեր ֆուտբոլային թիմի մասին շարունակ գրվել է նաեւ հաջորդ տարիներին: «Արարատ»-ի ֆենոմենը, որ գիսաստղի նման փայլատակեց ԽՍՀՄ սպորտային երկնակամարում, չգիտես ինչու, հաղթականորեն չձգվեց:

«Արարատ»-ի կենսագրությունը թերթեց Վարվառա Հայրապետյանը. (Շարունակելի...)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում