Սփյուռք

Հայաշատ Հալեպը վերջին շաբաթվա ընթացքում գրեթե շուրջօրյա հոսանքազրկված է

2 րոպեի ընթերցում

Հայաշատ Հալեպը վերջին շաբաթվա ընթացքում գրեթե շուրջօրյա հոսանքազրկված է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրականությունը հազվադեպ է լինում, օրվա մեծ մասը քաղաքը հոսանքազրկված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Շարունակվող բախումների մասին Ռեյիսյանը տեղեկացրեց, որ հայկական թաղամասերը թեպետ ընդհարումների շրջան չեն համարվում, սակայն ռումբերի ձայները մշտապես լսելի են: Քաղաքի Աշրաֆիե կոչվող թաղամասը, որը ժամանակին հայաշատ, նաեւ մարդաշատ եւ աշխույժթաղամաս էր համարվում, այժմ ամայացած է եւ բուռն բախումների շրջան է դարձել: Բնակիչների մեծամասնությունը հեռացել է թաղամասից:

Անդրադառնալով Բեյրութի ճանապարհին առեւանգված Նազարեթ Սաբունջյանի եւ ավելի վաղ առեւանգված հայ հոգեւորականի խնդրին, մամուլի քարտուղարը նշեց, որ նրանց վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան, սակայն ազատ արձակելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները շարունակվում են Հալեպի որոշ թաղամասերում: Մասնավորապես Մասաքին Հանանու թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի, մշակույթի կենտրոնի, փոստատան մոտ, ինչպես նաեւ Բուսթան ալ Կասր եւ Քալլասա թաղամասերում մեծ թվով զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում