Աշխարհի միլիարդատերերի կարողությունն աճել է 800 մլրդ դոլարով. նրանց թվում է երեք հայ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes ամսագրի ցանկում գտնվող ամբողջ աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կապիտալը 2013 թվականին կազմել է 5,4 տրիլիոն դոլար` 2012-ի 4,6-ի դիմաց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Forbes ամսագրի պաշտոնական կայքը, աշխարհի 1426 միլիարդատերերի ցանկում ընդգրկված է երեք հայ: 3,1 միլիարդ դոլար կարողությամբ աղյուսակի 307-րդ տեղն զբաղեցնում է ամերիկահայ գործարար, 91-ամյա Քըրք Քըրքորյանը: 2,9 միլիարդ կարողությամբ 342-րդ հորիզոնականում է ռուսաստանցի գործարար Սերգեյ Գալիցկին, ում հայրական ազգանունը Հարությունյան է. Գալիցկին նրա կնոջ ազգանունն է: Ի դեպ, Գալիցկիին է պատկանում նաև Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի հաձակվող Յուրա Մովսիսյանը:
1,2 միլիարդ դոլար կարողությամբ 828-րդ տեղն զբաղեցնում է ևս մեկ ռուսաստանահայ գործարար` Դանիլ Խաչատուրովը:
Ընթացիկ տարում աշխարհի միլիարդատերերի ցանկը համալրվել է 210 ազգանուններով: Աշխարհի ամենահարուստ մարդու կոչմանը 2013-ին արժանացել է մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմը, ում կարողությունը գնահատվում է 73 միլիարդ դոլար: Վարկանշային աղյուսակում նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը` 67 միլիարդով: Երրորդ տեղում է գտնվում է իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան, ում կարողությունը նախորդ տարի աճել է 19,5 միլիարդով` հասնելով 57 մլրդ դոլարի: Կարողության ավելացմամբ վերջինս շրջանցեց Ուորեն Բաֆետին, ով ունի 53,5 մլրդ դոլար:
Միլիարդատերերից մեծամասնության հայրենիքը կրկին մնում է ԱՄՆ-ը, որտեղ ապրում են 442 միլիարդատերեր: Երկրորդ տեղում է Ասիան` 386 միլիարդատերերով: Եվրոպան տարածաշրջանների շրջանում զբաղեցրել է երրորդ տեղը, որտեղ ապրում են աշխարհի 366 ամենահարուստ մարդիկ: