ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան տասներկուերորդ զբոսաշրջային ցուցահանդեսը մեկնարկեց մարտի 1-ին: Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը բացման խոսքում նշեց, որ ցուցահանդեսը լավագույն հարթակ է գործարար միջավայրի ակտիվացման, գործարար հանդիպումների խթանման, ոլորտում առկա խնդիրների փոխադարձ քննարկման համար: «Զբոսաշրջությունը ՀՀ օրենքով ամրագրված է որպես գերակա ոլորտ: Այս ոլորտն անշրջելիորեն զարգացման հունում է գտնվում եւ գնում դեպի նոր նվաճումներ: Այն լավագույնս ցուցադրում է ապակենտրոնացման գործընթացները մայրաքաղաքից դեպի հեռավոր շրջաններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիկիարդի խոսքով`ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է աջակցել ցուցահանդեսին: «Տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգիաները , ագրոբիզնեսն ու դեղագործությունն աճի ամենամեծ ներուժն ունեն գալիք հինգ տարիների ընթացքում: Այս միջոցառումն արտացոլում է համագործակցությունը մի շարք պետությունների միջեւ»,-ասաց նա:
Այս տարի ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների եւ շրջանավարտների համար, ինչպես նաեւ միջազգային զբոսաշրջիկների ճանաչողական շրջայց:
Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսն անցկացվում է 1999 թվականից: Այս տարվա ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից: Միջոցառմանը մասնակցում էին Թուրքիան, Վրաստանը, Եգիպտոսը, Արգենտինան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ այլ երկրները ներկայացնող ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը կշարունակվի նաեւ մարտի 2-ին: