Քաղաքականություն

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները ՀՀ նախագահի ընտրությունները որակել են բարելավված

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները ՀՀ նախագահի ընտրությունները որակել են բարելավված

ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները հանդես են եկել հայտարարությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում նշվում է, որ փետրվարի 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել են, սակայն թեկնածուների սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից:

Համաձայն դիտորդների` քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:

«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից», - հայտարարել էԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարՏոնինո Պիցուլան: «Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»:

Ըստ դիտորդների` ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ և լավ կազմակերպված: Դիտորդների խոսքով, ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, նաև` քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով:

Լրատվական ծածկույթը թույլ է տվել ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն դիտորդները նշել են, որ մի քանի ազդեցիկ կուսակցությունների` թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի:

Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատել են, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր:

Հայաստանյան իշխանությունների հրավերով` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում սահմանափակ դիտորդական առաքելություն է նշանակել: 1995 թվականից ի վեր սա Վեհաժողովի նշանակած ութերորդ դիտորդական առաքելությունն էր

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում