Իրավունք

ԱԱԾ. երկու ձերբակալվածները Հայրիկյանի մահափորձի վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ. երկու ձերբակալվածները Հայրիկյանի մահափորձի վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

Հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: Նրա վիրահատության կարերը կքանդվեն վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց: Թեկնածուն արդեն հիվանդասենյակում է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում