ԵՂՎԱՐԴ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադամանդագործության ոլորտում աստիճանաբարնախկին պայմանավորվածություններն ու պայմանագրերը թարմացվում են: Հունվարի 31-ին Եղվարդում նախընտրական քարոզարշավի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով բնակիչներից մեկի այն հարցին, թե ի՞նչ ճակատագիր կունենա Նոր Հաճնի «Շողակն» գործարանը եւ, ընդհանրապես, ադամանդագործության ոլորտը: «Հուսով եմ, որ «Շողակն» գործարանը տեսանելի ապագայում սկսելու է աշխատել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց նախագահի թեկնածու Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ ադամանդագործությունը Հայաստանում տուժել է ոչ թե համաշխարհային ճգնաժամի արդյունքում, այլ մինչ այդ` 2007 թվականից, երբ ոլորտում խնդիրներ էին առաջացել: Սերժ Սարգսյանը հնարավոր համարեց, որ մոտ ապագայումՀայաստանում ադամանդագործությունը նորից զարգացում ապրի:
Մի քանի տարի առաջ ադամանդագործությունը Հայաստանում զարգացման այնպիսի ծավալների էր հասել, որ տնտեսության գրեթե բոլոր ցուցանիշների վրա էական ազդեցություն էր թողել: 2004-2005 թթ. ադամանդի վերամշակման ծավալը մեր երկրում հասել էր իր բարձրակետին` աշխատում էին վերամշակող մոտ 200 մանր ու խոշոր գործարաններ, ոլորտում կար մոտ 5000 աշխատատեղ, տարեկան տաշվում էր մոտ 1 մլն կարատ ադամանդ: