Վրաստանի կառավարությունը հակադարձում է Սահակաշվիլիին. Չախալյանի դեպքում խոսք չի կարող լինել ծանր հանցագործության մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պատիժների կրման և իրավական օգնության հարցերով նախարար Սոզար Սուբարին հակադարձել է երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Վահագն Չախալյանի վերաբերյալ հայտարարություններին և երկրի ղեկավարին մեղադրել ստախոսության մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «aspny.ge» կայքը, Սուբարին հայտարարել է, որ Վահագն Չախալյանն ազատ է արձակվել համաներման մասին հրամանագրով և իր պատիժը կրել է թեթև հանցագործության համար:
«Այդ հոդվածները ներառում են զենքի անօրինական կրումը, խուլիգանությունն ու հասարակական կարգի խախտումը: Համաներումը վերաբերել է թվարկված բոլոր հոդվածներին: Այս դեպքում խոսք չի կարող լինել ծանր հանցագործության մասին, ինչի մասին ազդարարում են նախագահը, Գոգա Խաչիձեն և Վանո Մերաբիշվիլին», - ընդգծել է Սուբարին: Սուբարին նաև հետաքրքրվել է, թե ինչու Չախալյանի նկատմամբ ժամանակին ծանր հանցագործություներ կատարելու մեղադրանքներ չի առաջադրվել, եթե, Սահակաշվիլիի պնդմամբ, ակտիվիստը հարձակվել է ոստիկանության վրա, եկեղեցի է թալանել, ներխուժել է համալսարան և հարձակվել դատարանում:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեղադրել է Վրաստանի վարչապետին եւ խորհրդարանին «Վրաստանի պետականության թշնամի» հայազգի Վահագն Չախալյանին ազատ արձակելու մեջ: «Սա հակապետական քայլ էր, եւ ներման է արժանացել ռուսական գլխավոր հետախուզական ծառայության գործակալ, ով աշխատում էր Վրաստանի ամբողջականության մասնատման ուղղությամբ»,- նշել էՎրաստանի նախագահը:
Վրացական իշխանությունները ձերբակալել էին Վահագն Չախալյանին դեռևս 2008-ին, իսկ 2009-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներ կազմակերպելու, խուլիգանության և զենքի պահպանման համար: Նախօրեին Չախալյանը Վրաստանի կառավարության հայտարարած համաներմամբ ազատ էր արձակվել: