1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված դերասան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա այսօր ժամը 12:00-14:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուղարկավորությունը կկայանա ժամը 14:00-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:
Սիրված արտիստի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել երեկ` հունվարի 16-ին, ժամը 18:00-ին՝ Երեւանի Սբ. Հովհաննես (Կոնդի) եկեղեցում: Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Նա նշանավոր արվեստաբան Գեւորգ Աբաջյանի եղբայրն էր: 1951 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ Վլադիմիր Աբաջյանը ստեղծել է մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա եւ ռադիոբեմադրություններում:
Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1998 թվականին պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: