Հայ-թուրքական սահմանի բացման ստորագրահավաքը Թուրքիային հումանիտար քայլ անելու կոչ է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ նախագահի կայքում հայ-թուրքական սահմանի բացման ստորագրահավաքի նախաձեռնության տապալումը Թուրքիայի կողմից ցույց կտա, որ այդ երկիրն ի վիճակի չէ նույնիսկ մարդասիրական նպատակներով բացել սահմանը: Այս մասին հայտարարեց ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակԴանիել Իոաննիսյանը` նշելով, որ եթե նախաձեռնությունը չպսակվի հաջողությամբ՝ հայկական կողմը դարձյալ կշահի: «Մենք գոնե կկարողանանք աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան նույնիսկ հումանիտար նպատակներից ելնելով չի բացում հայ-թուրքական սահմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց նախաձեռնության հեղինակը: Իոանիսյանը նշեց, որ արդեն 500 մարդ ստորագրել է: «Եթե 30 օրում հավաքվում է 25 հազար ստորագրություն, դրան արձագանք լինում է»,- ասաց Իոանիսյանը: Ստորագրահավաքի վերջնաժամկետը փետրվարի 4-ն է:

Արդեն 10 օր Հայաստանում գտնվող սիրիահայ Նիկողոս Քուլաջյանը դրական որակեց նախաձեռնությունը՝ սիրիահայերի տեղաշարժը հեշտացնելու հարցում: «Հայերի համար լավ բան է, 8-10 ժամում կկարողանան հասնել Հայաստան»,- ասաց Քուլաջյանը: Նա նշեց, որ սիրիահայերը ցանկանում են Հայաստան գալ, սակայն ճանապարհին խոչընդոտների են հանդիպում:

Թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ընկալումը չպետք է սահմանափակվի միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: «Մենք պետք է փորձենք բոլոր ատյաններում բարձրացնել այն հարցը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն ցեղասպանության ճանաչումը չի և կան շատ այլ խնդիրներ, այդ թվում` առանց նախապայմանների սահմանների բացումը»,- ասաց Շաքարյանը: Անդրադառնալով Սպիտակ տան կայքում հայ-թուրքական սահմանը բացելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքին՝ թուրքագետն այդ հարցում նախաձեռնողական քաղաքականությունը կարևոր համարեց: Շաքարյանը նշեց, որ սահմանի բացումը հաղթանակ է լինելու թե Անկարայի և թե Երևանի համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնական կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման նպատակով: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի Հայաստանի հետ սահմանը` գոնե սիրիահայ փախստականների համար: Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից:

Սիրիայում ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ պայքարը չի դադարում դեռեւս 2011 թվականի մարտ ամսից: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 60 հազար մարդ:

Հայերեն English