Քաղաքականություն

Ընտրագրավ չվճարած թեկնածուները բացթողումն ուղղելու 48 ժամ ունեն

4 րոպեի ընթերցում

Ընտրագրավ չվճարած թեկնածուները բացթողումն ուղղելու 48 ժամ ունեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 8-ին կայացած արտահերթ նիստում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված եւ ընտրագրավը չվճարած թեկնածուներին 48 ժամ` մինչեւ հունվարի 10-ի ժամը 14:00-ն ժամանակ տվեց` փաստաթղթերի լրացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընտրագրավի վճարման անդորրագիրը ԿԸՀ դեռեւս չեն ներկայացրել Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, ով չի աշխատում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանանդամ Ռուբեն Լեւի Այվազյանը, ֆիզիկոս Մհեր Արամայիսի Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Սերգեյի Հարությունյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը:

Թեկնածուներից Մհեր Հայրապետյանը, ով առաջադրվել է դեկտեմբերի 26-ին, ԿԸՀ ներկայացրել է անդորրագիր, սակայն` հազար դրամի: Հանձնաժողով ներկայացած Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախապես միջնորդությամբ դիմել էր հանձնաժողովին` խնդրելով ԿԲ նշված հաշվեհամարին մուծել հիսուն հազար դրամի պետական տուրք` ելնելով իր սոցիալական վիճակից: ԿԸՀ-ն հարցի քննարկումը հետաձգեց մինչեւ ներկայացված դիմումի ուսումնասիրությունը: Դիմումը, սակայն, լրացման կարիք ուներ. նրանում նշված չէր բնակության վայրը, սխալ էր նշված ամսաթիվը:

Թեկնածու Պավլիկ Սարգսյանը, ով եւս ընտրագրավ չի մուծել, նշեց, թե ընտրագրավի վճարման կետը հարկադրանք է: «Ես հայտարարում եմ` նարկոման չեմ, հարբեցող, հանցագործ չեմ, որեւէ դատական որոշում չկա իմ նկատմամբ, ես սոցիալապես ապահովված չեմ, ուստի չեմ կարող մուծել ընտրագրավ»,- ասաց նա` նկատելով, որ ընտրագրավի պահանջը սահմանափակում է իր` ընտրվելու իրավունքները:Ռոբերտ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ դա գումարի շորթում է` նկատելով, որ ընտրագրավի վճարման պահանջ Սահմանադրության մեջ չկա: Թեկնածուներ Պավլիկ Սարգսյանն ու Ռոբերտ Սիմոնյանը, ցանկանալով «հանրությանը ներկայանալ», նիստը պարբերաբար ընդհատում էին իրենց հայտարարություններով եւ ելույթներով:

Ընտրագրավը չվճարած մյուս թեկնածուները խոստացան 48 ժամվա ընթացքում բացթողումը լրացնել: ԿԸՀ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելու պահից, վարչական դատարանում հնարավոր է որոշումը բողոքարկել երեք օրվա ընթացքում:Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձեւավորվել է 1988 ընտրատեղամաս:Առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը հունվարի 4-14-ն է: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի ժամը18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի փետրվարի 9-ին` Երեւանի ժամանակով ժամը08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին ժամը 20:00-ին:Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում