ՄԱԳԱՏԵ-ի աջակցությամբ ձեռք բերված թվային սեյսմոգրաֆների համակարգը կտեղադրվի ՀԱԷԿ-ի շուրջը. Արմեն Երիցյանի հարցազրույցը
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած երկրի անընդհատ սպառնում է որևէ աղետ կամ ճգնաժամային իրավիճակ: Այդ վտանգները չեզոքացնելու գործում կարևորվում է Արտակարգ իրավիճակների նախարարության բնականոն և օպերատիվ գործունեությունը: Տվյալ որորտում Հայաստանի ունեցած հնարավորությունների, ձեռքբերումների ինչպես նաև ապագայում կատարվելիք աշխատանքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:
-Պարոն նախարար, ինչպե՞ս եք գնահատում ԱԻՆ համակարգի պատրաստվածությունը Հայաստանին սպառնացող հնարավոր աղետների դեմ արդյունավետ պայքարելու գործում:
-Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամենաերիտասարդ նախարարությունն է, որ ստեղծվել է ընդամենը 4 տարի առաջ: Կարճ ժամանակում մի հարկի տակ են հավաքվել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտին առնչվող բոլոր կառույցները՝ փրկարար, սեյսմիկ, հիդրոմետ, հակակարկտային ծառայությունները, տեխնիկական անվտանգության կենտրոնը, հակահրդեհային տեսչությունը, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և այլն: Մեր բոլոր ստորաբաժանումները գործում են համախմբված և միմյանց օգնելով: Մեր կողքին են միջազգային բոլոր մարդասիրական կազմակերպությունները: Ստեղծվել է նաև Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամը, որն էլ կոչված է միախմբելու բոլորի ջանքերը:
-Ո՞ր երկրների փորձն եք ցանկանում օգտագործել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու համար և ի՞նչու:
-Ներկայում ԱԻՆ աշխատանքն առավել արդյունավետ և նպատակաուղղված դարձնելու համար օգտագործվում է այնպիսի առաջատար երկրների փորձը` ինչպիսիք են Ռուսաստանը, Ճապոնիան, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլն: Օրինակ, ներկայիս ճգնաժամային կառավարման կենտրոնը հիմնելու գործընթացում փորձագետներ են ներգրավվել ԱՄՆ-ից, Ավստրիայից, Շվեյցարիայից:Երկու տարի շարունակ աշխատել ենք Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ: Ճապոնիան ունի աղետների կառավարման առաջադեմ փորձ, բացի այդ՝ մեր երկրներին սպառնացող վտանգները նման են, այդ պատճառով նրանց փորձը մեզ ևս օգտակար է: Կադրերի պատրաստման ուղղությամբ այսօր քայլեր են արվում Ճապոնիայի ներքին գործերի նախարարության փորձն ԱԻՆ համակարգում ներդնելու ուղղությամբ: Կամավորական փրկարարական շարժման զարգացման համար ուսումնասիրվում է Ֆրանսիայի և Շվեյցարիայի փորձը:
-Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը: Ի՞նչ մակարդակի վրա է ԱԻՆ մարմինների տեխնիկական հագեցվածությունը: Ի՞նչ քայլեր են նախատեսվում իրականացնել այս ուղղությամբ հաջորդ տարի:
-Ես միշտ էլ զուսպ եմ իմ գնահատականներում և կարող եմ բավարար գնահատել այն գործունեությունը, որի փորձը փոխառելու համար միայն անցած տարում մեր երկիր են այցելել 25 երկրների ու բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ ՄԱԿ-ը՝ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը ճանաչել է կարճ ժամանակում մեծ ձեռքբերումների ու լավագույն փորձի երկիր: Մեր առջև դրված խնդիրները լուծելու համար սակայն մենք անընդհատ միջոցներ ենք փնտրում` մեր տեխնիկական բազան թարմացնելու համար:Մեր գերակա խնդիրներից է Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկումը` այն վերածելով տարածաշրջանային նշանակության գիտահետազոտական կենտրոնի: ՄԱԶԾ աջակցությամբ ձեռք է բերվել 15 հիդրոդինամիկական կայան, ջրի մակարդակի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման ավտոմատ չափող և գրանցող սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան չափված թվային տվյալները կուտակել կայաններում և իրական ժամանակում հաղորդել տվյալների հավաքման կենտրոն:ՄԱԳԱՏԵ-ի աջակցությամբ ձեռք է բերվել 6 ժամանակակից թվային սեյսմոգրաֆներից բաղկացած սեյսմիկ համակարգ, որը նախատեսվում է 2013 թվականին տեղադրել Մեծամորի ատոմակայանի շուրջը: Ֆրանսիայի ատոմային էներգետիկայի կոմիսարիատի հետ համատեղ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի շրջակայքում տեղադրվել է մի քանի նոր սեյսմիկ կայան: 2013 թվականին նախատեսվում է տեղադրել ևս 6 նոր կայան՝ ընդգրկելով Հայաստանի տարածքի հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածները:
ՀՀ ԱԻՆ և կառավարության նախաձեռնությամբ այս տարի հանրապետության երեք մարզերում տեղադրվեց ավելի արդիականացված հայրենական արտադրության 35 հակակարկտային կայան, որոնցից 9-ը` շարժական: Նախատեսվում է հանքափրկարար ջոկատների վերազինում` նոր շնչադիմակներով, ինքնափրկիչներով և ստորգետնյա փրկարար տեխնիկայով ու սարքավորումներով:2012 թվականին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ Կլիմայական դիտարկումների գլոբալ համակարգի քարտուղարության աջակցությամբ, ստացել է ֆրանսիական արտադրության ռադիոզոնդարկման «SP10» համակարգ, որը տեխադրվել է Երևանի աէրոլոգիական կայանում, ինչպես նաև «M10» տիպի 500 ռադիոզոնդ:
-Պարոն նախարար, ի՞նչ գնահատական եք տալիս հայ փրկարարների՝ Վրաստանում վերջերս անցկացված ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժության մասնակցությունը: Գալիք տարի միջազգային ի՞նչ միջոցառումների է մասնակցելու կամ միգուցե ընդունելու Հայաստանը:
-Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, որովհետև ինչպես գիտեք, որևէ երկիր խոշոր աղետի դեպքում չի կարող ինքնուրույն և միայնակ դիմակայել դրան:Ուսումնավարժությունների ժամանակ փրկարարները կատարելագործում են իրենց հմտությունները, սովորում օտար երկրում առանց խոսքի միմյանց հասկանալ ու համակարգված աշխատել: Բոլոր միջազգային ուսումնավարժությունների ընթացքում մեր փրկարարների մասնագիտական պատրաստվածությունն արժանացել է բարձր գնահատականի: Ուսումնավարժության ավարտին պարգևներ հանձնվեցին մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի ընկած մասնակիցներին, որոնց թվում էին նաև նախարարության փրկարարական թիմի անդամները:Մենք ունենք օտարերկրյա ու միջազգային գործընկերներ, որոնց հետ համագործակցության շրջանակներում կլինեն տարբեր միջոցառումներ ու ծրագրեր: Նշեմ միայն, որ 2013 թվականի հոկտեմբերին կայանալու է ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 25-րդ նստաշրջանը, որը նախատեսվում է անցկացնել Երևանում:
-Գալիք տարում ո՞ր խնդիրների լուծումն է լինելու Արտակարգ իրավիճակների նախարարության թիրախում: Արդյո՞ք նախատեսվում են լուրջ կառուցվածքային փոփոխություններ համակարգում:
-Հանրապետության բոլոր մարզերում՝ առաջներթ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծում: Խնդիրը բավական արդիական է: Տարաբնույթ արտակարգ իրավիճակներ ու ճգնաժամեր պարբերաբար գրանցվում են նաև մարզերում և դրանց թվաքանակն ունի աճի զգալի միտում: Ավելին՝ այդ դեպքերի բազմությունն ու ահազանգերը սպասարկվում են Ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ ինչն առաջացնում է ծառայության գերբեռնում:Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկայով հագեցած աշխատանքային տարածք՝ ինչը մարզի ամբողջ տարածքում ճգնաժամերի արդյունավետ կառավարում իրականացնելու հնարավորություն կընձեռի:Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանում ստեղծվելու է տարածաշրջանային մարդասիրական համատեղ կենտրոն:
Հարցազրույցը` Հակոբ Վարդանյանի