Սերժ Սարգսյանը մասնակցեց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի բացմանը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի բացմանը դեկտեմբերի 22-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Սամվել Մանուկյանը նշեց, որ նորաբաց հյուրանոցը «ՀայՌուսԳազարտ» ՓԲԸ-ի եւ Marriot International ընկերության Luxury Hotels International management Company B.V. –ի միջեւ իրականացված համագործակցության արդյունքն է:
«Երկու հզոր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ ունենք մի կառույց, որը խիստ յուրահատուկ է տարածաշրջանում եւ, ինչու ոչ, նաեւ Արեւելյան Եվրոպայում, որովհետեւ ոչ մի լեռնադահուկային քաղաքում չկար «Մարիոթ» հյուրանոց. սա առաջինն է»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով` այն յուրահատուկ է նաեւ այն առումով, որ ունի նորագույն հակահրդեհային եւ շենքը կառավարելու համակարգեր, որոնք նախքան այս տեղադրված չէին ոչ մի այլ հյուրանոցային համալիրներում:
«Այն նախատեսված է գործարար շրջանակների, հանգստացողների համար: Համալրված է ամեն ինչով, ունի լողավազան, թենիսի կորտեր, ֆուտբոլի եւ բասկետբոլի դահլիճներ, երեք բար, մանկական խաղահրապարակ, մի խոսքով` հանգիստը վայելելու բոլոր միջոցները»,- ասաց գլխավոր տնօրենը: Նա հավաստիացրեց, որ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցը ոչ միայն չի զիջում երեւանյան «Մարիոթ» հյուրանոցային համալիրին, այլեւ գերազանցում է: Մանուկյանի տեղեկացմամբ` հյուրանոցի ներդրումների ծավալը կազմել է 32 մլն ԱՄՆ դոլար` վարկային միջոցների հաշվին: Հյուրանոցի շահագործումը եւս մեկ քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու եւ օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքները խթանելու համար:
«Հյուրանոցն ունի բավականին մատչելի շուկայական գներ»,- հավելեց Մանուկյանը:
«Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշերին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշման արդյունքում 2011 թվականի ապրիլի 13-ին «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ եւ Marriot International ընկերության Luxury Hotels International management Company B.V. –ի միջեւ կնքվել էր «Մտադրությունների մասին հուշագիր»: 2012 թվականի հուլիսի 3-ին կնքված համաձայնագրով «Ադիգազ» հանգստյան տան կառավարումն անցել է MARRIOTT ընկերությանը, իսկ համալիրը կրում է Ttaghkadzor Marriott Hotel անվանումը:
Կառույցի շինարարությունն ու ձեւավորունը իրականացվել է միջազգային ամենաբարձր չափանիշերին համապատասխան եւ հսկվել է համաշխարհային բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Հյուրանոցն ունի 100 հյուրանոցային սենյակ, համալիրում ընդգրկված են ծառայությունների եւ ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ: Ttaghkadzor Marriott-ը զբաղեցնում է 2, 9 հազար քմ: Այն ունի 205 աշխատակից, որոնք հիմնականում Հրազդան քաղաքի բնակիչներ են:




