Առողջապահության նախարարը մատնանշում է համակարգի հիմնախնդիրների վերջնական լուծման բանալիները
17 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության ոլորտը մշտապես գտնվում է ոչ միայն մասնագիտական շրջանակաների, այլեւ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում: 2012 թվականի ընթացքում` ոլորտի խնդիրները չվրիպեցին երկրի ղեկավարության`ՀՀ Նախագահի գլխավորությամբ, եւ զանգվածային լրատվական միջոցների ուշադրությանից:«Արմենպրես»-ը 2013 թվականին ընդառաջ` ավարտին մոտեցող տարվա ընթացքում առողջապահական համակարգում արձանագրված ձեռքբերումներին եւ թերություններին անդրադարձել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ ունեցած ամփոփիչ հարցազրույցում:
- Տարեկան կտրվածքով առողջապահական համակարգում ամենախնդրահարույց ոլորտը դեղերի ոլորտն էր: ԱՆ-ի կողմից մշակվեց դեղերի մասին նոր օրինագիծ, ի՞նչ փուլում են հիմա ոլորտի կարգավորման աշխատանքները եւ ե՞րբ կզգացվի օրինագծի ազդեցությունը:
- Այո, բոլորիս քաջ հայտնի է, որ դեղերի ոլորտում իսկապես լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է կանոնակարգվեն։ Այդ ուղղությամբ ամենակարևոր քայլը դեղերի ոլորտում մայր օրենքի մշակումն ու ընդունումն է, որին կհաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը։«Դեղերի մասին» ՀՀ օրենքի արդեն շրջանառության մեջ դրված նախագծում ներառվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաեւ դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ ունեցած քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասը։Նոր նախագծում ամրագրված դրույթներով դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են` բնակչությանը որակյալ եւ անվտանգ դեղերով ապահովում, դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիություն, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքների ամրագրում, դեղերի տեղական արտադրության խթանում եւ այլն: Բացի հիմնական հասկացությունների հստակեցումից ու լրացումից, հստակ սահմանվում են ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ նրա համապատասխան կառույցների իրավասությունները դեղերի շրջանառության պետական կառավարման բնագավառում: Նախագծի առանցքային մաս են կազմում դեղերի մատչելիության ապահովման դրույթները, մասնավորապես` դեղերի գների պետական կարգավորման առաջարկը: Նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույցներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։Նախագծում ամրագրված են նաեւ դեղերի որակի, արդյունավետության եւ անվտանգության համար էական նշանակություն ունեցող միջազգայնորեն ընդունված այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրական, բաշխման, պահպանման գործունեությունների կանոնները։ Դրանց ներդրման արդյունքում ողջ կենսաշղթայում կշրջանառվեն պատշաճ որակ ունեցող դեղեր, մեծապես կկանխվի կեղծ, չգրանցված, անօրինական դեղերի մուտքը։ Նախագծում որոշակիորեն հստակեցված եւ պարզեցված են նաեւ դեղերի գրանցման եւ ներմուծման գործընթացները։ Այս ենթատեքստում առաջարկվում է այլ երկրներում կատարված փորձաքննությունների արդյունքների փոխադարձ ճանաչում, վերագրանցման պարզեցում, ներմուծման թույլտվության համակարգի բարելավում, մերժման դեպքերի սահմանում: Դեղերի գրանցման ժամանակ կապահովվեն հայերեն թարգմանված հրահանգներ (ներդիր-թերթիկներ), որպեսզի հետագա իրացման ժամանակ հայ սպառողի համար մատչելի այդ տեղեկատվությունը կցվի դեղերի փաթեթներին: Շատ կարեւոր է, որ նոր օրենքով կամրագրվեն դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման պահանջը, ինչպես նաեւ իրացումն արգելող դրույթները: Կկարգավորվի նաեւ դեղերի գովազդը: Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա կարելի է ասել, որ նոր օրենքը դեղի շրջանառության բոլոր օղակներում` ստեղծումից կամ ներկրումից մինչեւ կիրառում, խստագույն հսկողություն իրականացնելու պայմաններ կապահովի:Իրավական դաշտի բարելավումով մեր ազգաբնակչությանը մատչելի, որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովելու իրական երաշխիքներ կստեղծվեն: Իսկ արդյունքներն ու ազդեցությունը կարող ենք փաստել այն պահից, երբ այդ ամենը կսկսի կյանքի կոչվել:
-Նախորդ հինգ տարիներն առողջապահական համակարգում առանձնացան հատկապես մարզային հիվանդանոցաշինությամբ։ Ո՞ր մարզերում են շարունակվելու հիվանդանոցների շինարարական աշխատանքները 2013 թվականին: Կա՞ն արդյոք մարզային հիվանդանոցներ, որոնք դեռեւս անմխիթար վիճակում են գտնվում:
-2007-2012 թվականների ընթացքում «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել եւ արդիական սարքավորումներով հագեցվել է մարզային յոթ հիվանդանոց` Հրազդանի, Իջեւանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի եւ Գավառի բժշկական կենտրոնները, իսկ Գյումրիում անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ հիմքից՝ լիովին նոր, բազմապրոֆիլ բժշկական հզոր, կատարյալ մի կենտրոն է կառուցվել` ախտորոշիչ ու բուժման լայն հնարավորություններով` հագեցած ամենավերջին սերնդի սարքավորումներով։Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով՝ 2013-ին կսկսվեն Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման եւ Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաեւ Ալավերդու, Աբովյանի եւ Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
Հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով 2012-2014 թվականների ընթացքում նախատեսվում է պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացում։ Հանրապետության առաջին տիկնոջ ծրագրով այդտեղ կստեղծվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին բաժանմունքը։ Միաժամանակ կիրականացվի կենտրոնի բժշկական անձնակազմի մասնագիտական կրթում եւ վերապատրաստում` արտերկրի առաջատար բժշկական եւ կրթական հաստատություններում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե մարզերում դեռեւս կա՞ն անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցներ, ապա պիտի ասեմ, որ այդ խիստ գնահատականին քիչ բուժհիմնարկներ կհամապատասխանեն։ Սակայն փաստ է, որ օրախնդիր է մարզային բուժհաստատությունների հզորությունների օպտիմալացումը:Որպես նախարար ես պարտավոր եմ այնպիսի մեխանիզմներ ապահովել, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարվեն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ համակարգին հատկացված միջոցները փոշիանան ինչպես հսկայածավալ, գրեթե դատարկ կառույցների պահպանման, այնպես էլ բարձր գներով դեղերի ձեռք բերման վրա։ Դրանք առաջին հերթին պետք է ուղղվեն որակյալ ծառայության ապահովմանը եւ բուժաշխատողների վարձատրմանը։ Մենք հետեւողականորեն ամեն ինչ անելու ենք, որ մարզերում աշխատանքային լավ պայմաններ եւ հնարավորինս բարձր վարձատրություն ապահովենք։
- Դուք բազմիցս նշել եք, որ թերություններից մեկն այն է, որ նկատելի է մարզերից հիվանդների արտահոսքը մայրաքաղաք, ինչ քայլեր են ձեռնարկվում արտահոսքը կանխելու ուղղությամբ:
-Իմ պաշտոնավարման հենց սկզբից ասել եմ, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումն իմ առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Միայն բժշկական նորագույն կենտրոններ կառուցելով խնդիրը չենք կարող լուծել։ Պիտի կարողանանք մարզային այդ հիվանդանոցներում ծառայություններ զարգացնել, որ հիվանդները չգան Երեւանում բուժվելու։ Մեր տվյալներով մարզերում գրանցված հղիների շուրջ մեկ երրորդը մայրաքաղաքի տարբեր ծննդատներում է ծննդալուծվում։ Դա նշանակում է,որ նրանց համար մարզերին հատկացված միջոցները եւս այդ հղիների հետ Երեւան են ուղղվում։ Այս եւ այլ խնդիրների առթիվ մարզերի բուժաշխատողների հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել։ Նրանք գոհունակությամբ ընդունեցին եկող տարվա ընթացքում ծննդօգնության եւ երեխայի պետական հավաստագրերի մարզային կտրվածքով տեղայնացման գաղափարը։ Մինչ այդ կանոնակարգվում են հղիների եւ մինչև 7 տարեկան երեխաների ըստ ծննդօգնության եւ մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների ուղեգրման եւ հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը:
Մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների հոսքը որոշակիորեն կկանխվի մեկ այլ քայլով։ Մենք առաջարկ ենք ներկայացրել ՀՀ կառավարություն՝ վերանայելու 2013 թվականի բյուջեյով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի պետք է փորձենք այդ համամասնությունը հասցնել 60-40 տոկոսի` հաշվի առնելով Երեւանում նեղ մասնագիտական եւ երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մեխանիզմներ են մշակվում մարզերում նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը մինչև 10 տոկոսով ավելացնելու ուղղությամբ։
Մարզերից դեպի Երեւան հիվանդների հոսքի պատճառներից մեկն էլ տեղերում նեղ մասնագետների պակասն է։ Մարզային բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու, տեղերում ցուցաբերվող բժշկական օգնության որակը բարձրացնելու, ինչպես նաեւ բուժման շարունակականությունն ապահովելու նպատակով Երեւանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Դեռ հոկտեմբերի սկզբից այդ հիվանդանոցների մասնագետներն այցելում են հանրապետության բոլոր մարզերը եւ հասցրել են ավելի քան 6 000 հիվանդի հետազոտել ու անհրաժեշտ բուժում նշանակել։ Մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները սկսել են վիրահատություններ կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաեւ տեղի մասնագետների հետ համայցեր են կատարում, ծանոթանում հիվանդների բուժման ընթացքին եւ խորհրդատվություն տալիս հետագա տակտիկան հստակեցնելու ուղղությամբ։
- Ձեր 100-օրյա գործունեությունն ամփոփող ասուլիսում Դուք անդրադարձաք նաեւ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությանը: Նախանշվա՞ծ են հստակ ժամկետներ եւ ի՞նչ քայլեր են իրականացվում:
- Հստակ ժամկետներ նշված չեն, սակայն այդ ուղղությամբ մի շարք քայլեր արդեն իսկ արվում են։ Ինչպես եւ պետք է ենթադրվեր, առաջին քայլերն ի օգուտ մարզային բուժաշխատողների էր։ Դեռ օգոստոսի 1-ի իմ հրամանով արդեն իսկ 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ նորմալ (չբարդացած) ծննդի համար հատկացող գումարը՝ այն հավասարեցնելով Երեւանի ծննդատներում գործող գներին։ Միաժամանակ հանձնարարվել է ավելացված այդ գումարն առավելապես ուղղել աշխատավարձի ֆոնդի ավելացմանը։
Պակաս կարեւոր չէ, որ 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում, բացի մի շարք պայմաններից, կամրագրվի նաեւ տվյալ բուժհաստատությունում բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։Աշխատավարձերի բարձրացման լուրջ գործիք է նաեւ 2009 թվականից առանձին բուժհիմնարկներում որպես պիլոտային ծրագիր սկսված, իսկ 2011-ից ծրագրային մոտեցումով իրականացվող համավճարը։ Բուժծառայության իրական գնի եւ պետության կողմից հատկացվող գնի տարբերությունը ծածկելու նպատակով ներդված այս համակարգից, ինչպես եւ վճարովի ծառայություններից ստացված լրացուցիչ եկամուտները բուժհիմնարկներն ավելի ազատ են տնօրինում, հետեւաբար եւ կարող են այդտեղից ավելի մեծ մասնաբաժին ուղղել աշխատավարձին։ Սրանք, անշուշտ, անփոփոխ ու քարացած մեխանիզմներ չեն, և ընթացքում որոշակի շտկումներ, փոփոխություններ անելու, տարբերակված մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Երկրի ղեկավարն իրավացիորեն նշեց, որ բնակչության մեկ երրորդը դժգոհ է առողջապահության համակարգից։ Պետք է փորձենք հասկանալ, թե որտե՞ղ է մեր բացթողումը։ Ինչպե՞ս անենք, որ բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը վերականգնենք։ Մենք աշխատում ենք այնպիսի մեխանիզմ մշակել, որ բժիշկը մտածի միայն իր գործն ամենաբարձր մակարդակով կատարելու մասին` վստահ, որ համապատասխանաբար վճարվելու է։ Խնդրի լուծման նպատակով քննարկվում է սոցիալապես անապահով խմբերին եւս առաջիկայում հավաստագրեր տրամադրելու գործիքը։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014-ից այն աստիճանաբար ներդնել։
- Ամփոփելով տարին` կմատնանշե՞ք հիմնական ձեռքբերումներն ու թերությունները:
- ԱՆ-ն հանրապետության Նախագահի եւ կառավարության հանձնարարությունների համաձայն իրականացնում է ոլորտի բարեփոխումների ծրագիր, որի համաձայն մշակվել, ընդունվել կամ հաստատման փուլում են դեղերի ոլորտի կարգավորմանը, առողջապահական պետական տեսչության կազմավորմանը, ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի կարողությունների հզորացմանը վերաբերող մի շարք իրավական փաստաթղթեր: Ծրագիրը, որ միտված է նաեւ տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման որակի ապահովմանը, առաջիկա 6-7 ամիսների ընթացքում մեր աշխատանքի ուղեցույցն է լինելու։ Այս ենթատեքստում կարեւորվում է 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կնձեռեն վերահսկողություն սահմանել ինչպես գնման գործընթացների կազմակերպման, այնպես էլ բժշկական օգնության եւ սպասարկման որակի նկատմամբ։ Ավելին, ինչպես ասացի, պայմանագրում կամրագրվի նաեւ տվյալ բուժհաստատությունում բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։ Առողջապահության ոլորտում խնդիրներ կան, որոնց շատ արագ լուծումներ կտրվեն։ Խնդիրներ էլ կան, որ տարիների ընթացքում կկարգավորվեն։ Կարեւորն այն է, որ փորձում ենք այնպիսի մեխանիզմներ ու չափորոշիչներ մշակել, որ համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրները վերջնական լուծում ստանան։ Աշխատանքների հստակ կազմակերմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով իմ հրամանով կհաստատվեն նաեւ այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային եւ հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Ասեմ նաեւ, որ մինչ առողջապահական տեսչությունը կսկսի իր աշխատանքները, նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ Արդեն հրապարակել ենք հարուցված վարչական վարույթների շրջանակներում հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ ախտորոշիչ լաբորատորիաներն ու դեղատները։Այս ամենի հետ միասին աշխատում ենք բարեփոխումների հեռահար ծրագրի վրա։
- Տարիներ շարունակ աշխատելով առողջապահության համակարգում, Ձեզ հաջողվե՞լ է գտնել առողջ լինելու Ձեր սեփական բանաձեւը:
- Տարօրինակ չի՞ հնչի, եթե ասեմ, որ այդ մասին մտածելու ոչ ժամանակ եւ ոչ էլ հրատապ անհրաժեշտություն է եղել։ Ապրում եմ սովորական իմ կյանքով։
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի