Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական նպատակով կրկին Արցախում է

3 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական նպատակով կրկին Արցախում է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն հերթական անգամ բարեգործական նպատակներով այցելել են Ստեփանակերտ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող այցի նպատակն է Ամանորի նախաշեմին օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտանիքներ Հենրիխ Մխիթարյանից ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ:

Հանդիպման ընթացքում ազատամարտիկները նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Հենրիխ Մխիթարյանին: Այն հարցին, թե արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը ցանկություն չունի տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ, մեր կիսապաշտպանը պատասխանեց, որ, հնարավոր է, որ այդ տեղափոխությունը մի օր կայանա, բայց առայժմ ինքը «Շախտյորի» ֆուտբոլիստ է և չի մտածում այլ թիմ տեղափոխվելու մասին: Հարցին անդրադարձավ նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ ինքն էլ ցանկություն ունի, որպեսզի Հենրիխը հանդես գա ավելի բարձրակարգ թիմում, սակայն նա պրոֆեսիոնալ է, ունի գործող պայմանագիր և առնվազն մինչև մայիս հաստատ կմնա «Շախտյոր»-ում:

Ազատամարտիկներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս է Հենրիխ Մխիթարյանըվերաբերում այն դրվագներին, երբ իրեն խաղի ժամանակ հարվածում են: Մխիթարյանը նշեց, որ խաղի ընթացքում տեղի ունեցող բախումները ֆուտբոլի բաղկացուցիչ մասն են կազմում:

Պատասխանելով, թե ո՞վ է, իր կարծիքով, այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, Մխիթարյանը տվեց Անդրես Ինիեստայի անունը՝ պատճառաբանելով, որ չնայած Մեսսին և Ռոնալդուն նույնպես անչափ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, բայց Ինիեստան այս տարի ավելի մեծ նվաճումների է հասել:

Իսկ ինչ վերաբերում է Մխիթարյանի ամենագեղեցիկ գոլին, ապա մեր կիսապաշտպանը նշեց, որ ակումբի կազմում ամենագեղեցիկ գոլը խփել է «Կրիվբաս»-ի, իսկ հավաքականի կազմում՝ Մակեդոնիայի հավաքականի դարպասը: Իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Մխիթարյանի ամենագեղեցիկը համարեց՝ Լիտվայի հավաքականի դարպասը խփած գնդակը` նշելով, որ այն «գեղեցիկ կոմբինացիայի արդյունք էր»:

Ներկաներն անդրադարձան նաեւ Հենրիխ Մխիթարյանի մարդկային հատկանիշներին՝ հիշելով անցած մրցաշրջանի այն դրվագը, երբ Մխիթարյանը կարող էր ինքը գրավել մրցակցի դարպասը, բայց նախընտրեց փոխանցում կատարել իր խաղընկերոջը՝ Սելեզնյովին՝ օգնելով նրան դառնալ առաջնության լավագույն ռմբարկու:

Հանդիպումից հետո ներկաները լուսանկարվեցին Հենրիխ Մխիթարյանի հետ, ինչպես նաև ստացան նրա ստորագրությամբ գնդակներ և մարզաշապիկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում