Իսրայելի վարչապետը զազրելի է որակել Երուսաղեմի հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը Երուսաղեմի հունական Սուրբ Խաչ եկեղեցու և հայկական գերեզմանոցի նկատմամբ գործված վանդալիզմը «զազրելի» է որակել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ֆրանսպրես» գործակալությունը, ավելի վաղ Իսրայելի ոստիկանության մամլո խոսնակ Լուբա Սամրին տեղեկացրել է, որ վանդալները ներկով խզբզել և գրառումներ են կատարել Երուսաղեմի հայկական գերեզմանատան մուտքի դարպասին Քրիստոսի պատկերի վրա: Նույն կերպ անարգվել է նաև հունական Սուրբ Խաչ եկեղեցին:
«Հրեական արժեքները, որոնցով մենք դաստիարակվել ենք և որոնցով դաստիարակում ենք մեր երեխաներին, խստորեն դատապարտում են նման քայլերը: Պաշտամունքի ազատությունն Իսրայելի բոլոր կրոնների համար պահպանվելու է, իսկ նման հանցագործություններ կատարած անբարո մարդկանց նկատմամբ կիրառվելու են իրավական պատժամիջոցներ»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ: