Մշակույթ

«Օրեր, գույներ, ճակատագիր» գրքում դերասան Վարդան Պետրոսյանը պատմում է իր կյանքի ճակատագրական երկընտրանքի մասին

3 րոպեի ընթերցում

«Օրեր, գույներ, ճակատագիր» գրքում դերասան Վարդան Պետրոսյանը պատմում է իր կյանքի ճակատագրական երկընտրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված եւ ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանն այս անգամ իր արվեստի երկրպագուներին կներկայանա ոչ թե նոր ներկայացմամբ, այլ իր հեղինակած նոր գրքով: «Օրեր, գույներ, ճակատագիր» գիրքն առաջին հերթին Վարդան Պետրոսյանի շուրջ 50 գեղանկարչական աշխատանքների ցուցադրում է, այնուհետեւ նաեւ իր կենսագրությունը: «Ես չցանկացա, որ իմ ինքնակենսագրականը ներկայացվի այնպես, ինչպես սովորել ենք տեսնել` Վարդան Պետրոսյանը ծնվել է այսինչ թվականին: Ես նախընտրցի ինքնակենսագրականը դարձնել գրական նյութ, որովհետեւ թեեւ սա իմ կյանքն է, դրա հետ միասին բոլորիս կյանքն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանը:

Գիրքը պայմանականորեն բաժանված է երեք մասի` առաջինը մանկություն-պատանեկություն- երիտասարդություն, երկրորդ մասը` հասուն տարիք, իսկ երրորդը` ավելի հասուն տաիք: Նույնիսկ գեղանկարչական աշխատանքներն են բաժանվել երեք մասի` առաջին մասը կոչվում է «Գարուն ա», երբ կյանքը վառվռուն է, արեւոտ, գունեղ, հետո գալիս է «Գարունա, ձունա արել» հատվածը, երբ բոլոր երազանքների վրա ձյուն է իջնում եւ հասկանում ես, որ կյանքն իրականում մի մեծ հոգսերի շղթա է, իսկ երրորդ մասը կոչվում է «Գողգոթա», երբ սկսում ես հասկանալ, որ մարդն իր խաչն է կրում` մինչեւ իր գողգոթան:

Իսկ գրքի վերջում փոքրիկ պատգամ է Վարդան Պետրոսյանը հղում որդուն` այսինքն ողջ սերնդակիցներին: «Եթե մենք չվերակառուցենք մեր հայրական տունը մեր հայրենի հողում, Դուք պետք է կառուցեք այն»:

Հեղինակի խոսքով` գրքում ներկայացված է նաեւ ճակատագրական երկընտրանքը: Մի կողմից մեծ կարիերայի մեծ հնարավորություն մեծ երկրում, մյուս կողմից` թողած հայրենիքի անբառ ու անսեթեւեթ կարոտ: Առաջարկ եւ պայմանագիր, որ կարող են Վարդան Պետրոսյանին Փարիզում հանրաճանաչ ու սիրելի դարձնել եւ կարոտի մուրհակ՝ դեպի Երեւան ինքնաթիռի տոմս, որն արդեն գրպանում է:

Գրքում զետեղված են նաեւ մի շարք բանաստեղծություններ, որոնք նա գրել է ֆրանսերեն, հետո թարգմանել հայերեն: Գիրքը նվիրված է Հենրիկ Իգիթյանի հիշատակին:

«Օրեր, գույներ, ճակատագիր» գրքի շնորհանդեսը կկայանա «Բյուրոկրատ» գրախանութում դեկտեմբերի 8-ին, որին զուգահեռ կբացվի նաեւ Վարդան Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Շնորհանդեսի համար ընտրվել է յուրահատուկ տարբերակ. «Ոչ թե մարդիկ կգան ու կպատմեն, թե ես ինչքան մեծ-մեծ բաներ եմ արել աշխարհում, այլ մենք համերգ կտանք այնտեղ. կդառնա յուրահատուկ գրական-երաժշտական երեկո: Դրան ավելացրած մենք շատ չարաճճիություններ պետք է անենք, որովհետեւ այդպիսին է գիրքը»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում