Քաղաքականություն

Ստեփանակերտից թռիչքներ թույլ տալու դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի ճանաչել ԼՂՀ-ը. Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտից թռիչքներ թույլ տալու դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի ճանաչել ԼՂՀ-ը. Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում շարունակվում են Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնելու շուրջ քննարկումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական «Հանդուրժողականություն» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ազեր Ռաշիդօղլուն այդ առնչությամբ հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղից միջազգային թռիչքների իրագործումը գլխացավանք կդառնա Ադրբեջանի համար»:

Ռաշիդօղլուի խոսքով` ամենայն հավանականությամբ, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի շնորհիվ, Ստեփանակերտի օդանավակայանը կգովազդվի: «Ես չեմ զարմանա, եթե Ղարաբաղի օդանավակայանում իջնի Շառլ Ազնավուրը: Այդ ժամանակ Ադրբեջանի համար բարդ կլինի խոչընդոտել այդ օդանավակայանից թռիչքները», -ընդգծել է նա: Փորձագետն ասել է նաեւ, որ Ռուսաստանին շահավետ կլիներ խաղաղարար ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում եւ, որ նման հանգամանքերում, Ադրբեջանի համար արդեն անհնար կլինի վերադարձնել Ղարաբաղը:

Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն էլ նշել է, որ Ադրբեջանը «չի կարող եւ չպետք է թույլ տալ թռիչքներ Ղարաբաղից Երեւան»: «Եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը ստիպված կլինի ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը», -համոզմունք է հայտնել նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում