Լեւոն Արոնյանը հայ շախմատիստուհիներին խորհուրդ է տալիս աշխարհի առաջնությանը զգոն լինել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց առաջնության յուրաքանչյուր խաղին հայ շախմատիստուհիները պետք է սառնասրտորեն մոտենան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց շախմատի համաշխարհային օլիմպիադային եռակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի երկրորդ լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այս տարի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվում է «նոկաուտ» մրցակարգով, հետեւաբար` մեր աղջիկները պետք զգոն մնան ամբողջ խաղի ընթացքում:«Սովորաբար նմանատիպ մրցաշարերին մենք պատրաստվում ենք ամենայն լրջությամբ: Յուրաքանչյուր խաղ եզրափակիչին հավասար պարտիա կլինի: Աղջիկներին խորհուրդ կտամ միայն սառնասրտորեն մոտենան իրենց մրցակիցներին»,-ասաց Արոնյանը:
Շախմատի կանանց աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:Ռուսաստանի Խանտի Մայնսիսկ քաղաքում նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն 64 շախմատիստուհիներ 33 երկրներից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 450 հազար ԱՄՆ դոլար է:
Չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն աշխարհի չեմպիոնները, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարները, շախմատի ֆեդերացիաների նախագահների առաջարկած թեկնածուներն ու մայրցամաքային եւ տարածաշրջանային մրցումներում աչքի ընկած մարզուհիները: