Խճանկար

Halloween-ը Հայաստանում ժամանցի առիթ է, սակայն որպես տոն չի ընկալվում

3 րոպեի ընթերցում

Halloween-ը Հայաստանում ժամանցի առիթ է, սակայն որպես տոն չի ընկալվում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ երկրներում մեծ ժողովրդականություն վայելող Halloween տոնը ԱՄՆ-ում նշվում է հոկտեմբերի 31-ին: Տոնն իր արմատներով գալիս է Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից: Տոնի հիմնական թեմաներն են՝ մահը, չարը, գաղտնագիտությունը և հրեշները: Այն նշվում է ընտանեկան տոնախմբություններով, երեկույթներով և հրավառություններով:«Արմենպրես»-ը փորձեց պարզել Հայաստանում Halloween-ի նկատմամբ վերաբերմունքը:Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը երիտասարների մոտ որոշակի եռուզեռ է նկատել Halloween-ի հետ կապված: Նրա խոսքով` մեր երկրում տոնահանդեսային մշակույթի բացակայության ֆոնին մարդիկ ինքնակազմակերպվում են՝ վերցնելով աշխարհում տարածում ունեցող օտար տոներ: «Հայաստանում մարդիկ տոնահանդեսի մշակույթի մեծ կարոտ ու կարիք ունեն: Տվյալ պարագայում ցանկացած դատարկ արժեքով այդ բացը կարող է լցվել»,- ընդգծեց ազգագրագետը:

Տեր Ղևոնդ քահանա Մայիլյանը տիպիկ սատանայական տոն համարեց Halloween-ը: «Քրիստոնեական եկեղեցին չի ընդունում որպես մեռյալների վերադարձի օր նշվող այդ տոնը և երբեք չի խրախուսում այն»,- ընդգծեց քահանան:

Գլոբալիզացիոն գործընթացները մեծ բարիք համարող Սարգիս Մկրտչյանը շատ է ցանկանում, որ Հայաստանում ևս «Halloween»-ը մեծ շուքով նշվի: Նա գտնում է որ այդ կերպ Հայաստանն ավելի հեշտությամբ կարող է Արևմտյան արժեքներին հաղորդակից լինել: «Տոնը հնարավորություն է տալիս սուր զգացողություններ ունենալ, միմյանց վախեցնել, ուրախանալ, հարբել` այդ կերպ ինչ-որ չափով կտրվելով իրականությունից»,- ասաց Մկրտչյանը:

Ակումբային կյանքին քաջածանոթ ևclubbing.am-ի հիմնադիր Լևոն Զարաֆյանընշեց, որ Հայաստանի մի շարք ակումբներում Halloween-ի տոնից դեռ մի քանի օր առաջ այն արդեն ակտիվորեն նշվում է՝ բազմաթիվ երիտասարդների և ԶԼՄ-ների մասնակությամբ:Զարաֆյանի խոսքով` մի շարք ակումբներում հոկտեմբերի 31-ին նախատեսվում են «Halloween»-ին նվիրված ճոխ միջոցառումներ: «Halloween-ն ուղղակի հաճելի ժամանց անցկացնելու լավ առիթ է, սակայն երիտասարդների մոտ, այն որպես տոն չի ընկալվում»,- ընդգծեց Զարաֆյանը:

Halloween-ի գլխավոր խորհրդանիշը` այսպես կոչված «Ջեկի լուսատու»-ն է: Այն դդում է, որի մեջ վառված մոմը լուսավորում է չարախինդ դեմքի տեսքով փորագրությունը: Ընդունված է, որ տան մոտ դրված Ջեկին քշում է չար ոգիներին: Տոնից անմիջապես հետո, որպես ուտելիք չօգտագործելով ՝ սովորաբար այդ դդումները դեն են գցում: «Ջեկի լուսատու»-ն իր ժամանակակից տեսքն է ստացել 1837 թվականին, իսկ 1866 թվականից սկսած` համընդհանուր կերպով ասոցացվել է Halloween-ի հետ:

Ֆոտոշարքը՝ www.clubbing.am-ի հատուկ «Արմենպրես»-ի համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում