Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով հոկտեմբերի 29-ին ժամանել է Պրահա: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ժամանելով Պրահայի օդանավակայան, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ուղեւորվեց Կարլովիվարյան երկրամաս, որտեղ հանդիպումներ ունեցավ Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի եւ նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի զարգացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարլովի Վարիի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը առաջարկեց գործընկերային հարաբերություններ հաստատել Ջերմուկ եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ կամ քույր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ հայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով եւ ունեն որոշ ընդհանրություններ: Խորհրդարանի ղեկավարը քաղաքապետին առաջարկեց այցելել Հայաստան եւ, մասնավորապես, Ջերմուկ քաղաք` մոտիկից ծանոթանալու եւ փոխգործակցության ոլորտները նախանշելու համար: Քաղաքապետ Կուլհանեկը Հովիկ Աբրահամյանի առաջարկը սիրով ընդունեց` այն համարելով փայլուն գաղափար եւ շեշտեց, որ համագործակցությունը երկու քաղաքների միջեւ կխթանի զբոսաշրջությունը եւ երկու ժողովուրդներին ավելի մոտիկից ծանոթանալու եւս մի հնարավորություն կընձեռի:

Նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը կարեւորեցին տարածաշրջանների միջեւ համագործակցությունը, որպես երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված կարեւոր գործոն: Պարոն Աբրահամյանը նահանգապետին նույնպես առաջարկեց այցելել Հայաստան եւ մարզերից մեկի` մասնավորապես Վայոց Ձորի մարզի հետ համագործակցություն ծավալել: Նահանգապետը ոգեւորությամբ ընդունեց ԱԺ նախագահի առաջարկը եւ նշեց, որ Կարլովի Վարիի քաղաքապետի հետ անպայման կայցելեն Հայաստան եւ հույս հայտնեց, որ փոխգործակցությունը արդյունավետ եւ երկուստեք օգտակար կլինի:

Կարլովի Վարիում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց համաշխարհային ճանաչում ունեցող «Մոսեր» հախճապակյա արտադրանքների ընկերություն, ինչպես նաեւ Յան Բեքեր թանգարան ու Յան Բեքեր-Կարլովսկա Բեքերովկա արտադրության սրահ: Հովիկ Աբրահանյանը եւ պատվիրակության անդամները ծանոթացան առողջարանային քաղաքի տեսարժան վայրերին, եղան հանքային ջրերի կենտրոնում:

Հոկտեմբերի 30-ին նախատեսված են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում