Ադրբեջանը, հակաիրանական գործողություններով, ԼՂ հարցում օգուտներ ստանալու հույսեր ունի. Կոնստանտին Զատուլին
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները փոխշաղկապված են. հարևան երկրներում լարվածության աճը իր ազդեցություն է ունենում նաև Հայաստանի վրա: Ռուս-թուրքական վերջին զարգացումների, սիրիական ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:
-Ի ՞նչ զարգացումներ եք նկատում տարածաշրջանում` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված:
-Ինձ հիմա շատ է անհանգստացնում իրավիճակը տարածաշրջանում: Այն հիմնականում կապված է Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին տարածված խոսակցությունների հետ: Ես չէի ցանկանա, որ Ադրբեջանի ղեկավարությունը գայթակղվեր Իրանի դեմ հնարավոր արշավում իր մասնակցության թվացյալ առավելություններով:Պետք է նկատել, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն իսկ լայն համագործակցության է գնացել Իսրայելի հետ` ոչ միայն ռազմական, այլ նաև հատուկ ծառայությունների ոլորտներում, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Ինձ թվում է` ինչ-որ պահ Ադրբեջանում կարող են որոշել, որ Իրանի դեմ ինչ-որ գործողություններին մասնակցությամբ հնարավոր է մրցանակ ստանալ՝ օրինակ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ամերիկյան դիրքորոշման փոփոխություն:
Ես չեմ կարծում, որ այդ հույսերը հիմքեր ունեն, սակայն այն, որ Ադրբեջանը խայծը կուլ է տվել իր հակաիրանական գործողություններով, խոսում է դրա փոխարեն ինչ-որ պարգև ստանալու նրա հետաքրքրվածության մասին: Բայց արդյո՞ք Ադրբեջանի համար տեղին է ապակեպատ տնից քարեր նետելը: Իրանա-ադրբեջանական հարաբերությունները շատ բարդ են` հաշվի առնելով Իրանում ադրբեջանական էթնիկ գործոնը: Եվ դրա արդյունքում` ով կդառնա Հարավային Ադրբեջան կամ Հյուսիսային Իրան, դեռ հարց է, և մեզնից ոչ ոք չգիտի:
-Ավստրալիայի Նոր Ուելս նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը ի ՞նչ հետևանքներ կունենա և այդ հանգամանքը կարող է արդյո ՞ք օրինակ ծառայել այլ պետությունների համար:
-Այդ փաստը վկայում է Հայաստանի նկատմամբ Ավստրալիայի լավ վերաբերմունքի մասին: Այն անմիջական միջազգային իրավական հետևանքներ ունենալ չի կարող: Այլ պետությունների համար որպես օրինակ կարող է ծառայել, սակայն հարցը նրանում չէ, որ ասենք Վանուատու պետության մակարդակով ճանաչվի ԼՂ անկախությունը: Կարևորն այն է, որ մենք` բոլորս, կարողանանք գտնել ղարաբաղյան հակամարտության լուծումը:
-Ե՞րբ է սպասվումՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:
-Հարցը քննարկվում է, կարծում եմ` մինչև տարեվերջ անպայման այցը կկայանա: Ես պաշտոնական անձ չեմ և կդժվարանամ Պուտինի և նրա ադմինիստրացիայի անունից կոնկրետ ժամկետներ նշել:
-Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության աճ է նկատվում՝ կապված թուրք-սիրիական հարաբերությունների հետ: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում:
-Մենք Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը համարում ենք կողմնակալ և էգոիստական: Թուրքիայում քաղաքական առումով ակտիվանում են արևելքում կայսերական անցյալը վերականգնելու երազանքներ ունեցող ուժերը: Հասկանալով, որ դեպի Եվրոպա ճանապարհը փակ է` այդ ուժերը Թուրքիայի համար իսլամական աշխարհի առաջնորդի դեր են փնտրում: Թուրքիայի այդ ճանապարհին կանգնում են արաբական աշխարհի մրցակիցները և այդ թվում նաև Իրանը: Սա հղի է մեծ ցնցումներով, ինչը մենք չէինք ցանկանա:
Ես կարծում եմ` հայերին ձեռնտու է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որովհետև դա նշանակում է, որ մենք կարող ենք ազդել այդ երկրների վրա, որ նրանք արկածախնդիր քայլերի չդիմեն:Միանշանակ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Թուրքիայի կողմից սիրիական օդային տարածքը խախտելու վերաբերյալ` բացասական է, առավել ևս, ռազմական միջամտությունը մենք կդիտարկենք որպես ստատուս քվոյի խախտում: Փաստ է, որ Թուրքիան որպես պետություն պահպանվել է Խորհրդային Ռուսաստանի օգնության շնորհիվ: Հիշո՞ւմ եք` քեմալական հեղափոխության ժամանակ ռուս-թուրքական պայմանագրերի, ռուս ռազմական մասնագետների մասնակցության և այլ հանգամանքների մասին:
Հարցազրույցը` Հակոբ Վարդանյանի