Քաղաքականություն

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայացվի ապրիլի 24-ին ընդառաջ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայացվի ապրիլի 24-ին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային Ժողովի սոցիալիստների կուսակցության նախագահ Բրյունո Լե Ռուն Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակության համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է կուսակցության` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մտադրությունը:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական կազմակերպությունների համակարգողխորհրդի համանախագահ Արա Թորանյանը: «Լե Ռուի կուսակցությունն էր, որ վեց տարի առաջ այս օրինագիծը ներկայացրել է Խորհրդարանին, նույն կուսակցությունն է, որ երկու տարի առաջ Սենատի առջեւ առաջարկեց նույն օրինագիծը, հետեւաբար` սպասում ենք, որ այն կշարունակի իր բռնած ուղին»,- ասաց Թորանյանը:

Խորհրդի համանախագահիխոսքով` Լե Ռուն նշել է, որ ոչինչ չի փոխվել, պարզապես իրենք դեռ կարճ ժամանակ է, ինչ իշխանության են եկել, պետք է սպասել` վստահեցնելով, որ իրենց սկզբունքներում որեւէ բան չի փոխվել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է հարգի իր տված խոստումը, եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծ իրենք պետք է առաջարկեն ապրիլի 24-ին ընդառաջ: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի` նոյեմբերի 12-ին կայանալիք հանդիպումը, Թորանյանի խոսքով, առիթ կդառնա, որ այս ամենն ավելի պաշտոնական հիմքերի վրա դրվի:

Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, Ելիսեյան պալատի հետ արդեն կապ է հաստատվել, դեսպանատունն էլ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Ֆրանսահայ համայնքը, իր հերթին, ամեն ինչ անում է նախագահին հավուր պատշաճի ընդունելու համար: Հայ համայնքի եւ Օլանդի` նախատեսված հանդիպմանն անդրադառնալով` Վարժապետյանը նշեց, որ դեռ ճշտված չեն ժամկետները. հանդիպումը ձգձգվում է, այդ իսկ պատճառով դեռեւս ոչինչ չի հայտարարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում