Ֆուտբոլ

Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» ամեն անգամ հնչում է, երբ Մխիթարյանը գոլ է խփում. The Guardian

9 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» ամեն անգամ հնչում է, երբ Մխիթարյանը գոլ է խփում. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Guardian-ի սյունակագիր Ջոնաթան Ուիլսոնը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր»-«Չելսի» հանդիպմանն ընդառաջ պատմել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով totalfootball-ը,The Guardian-ը, մասնավորապես, գրել է.

«Հենրիխ Մխիթարյանն ընդամենը 23 տարեկան է, բայց նա ամենայն հավանականությամբ շուտով երրորդ անգամ կճանաչվի Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նրա գերազանց խաղն այնքան տպավորիչ էր, որ զարմանալի է ոչ այնքան այն, որ նա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել այդքան վաղ հասակում, այլ այն, որ նա մրցանակին չարժանացավ 2010 թվականին: Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այդ տարի ստացավ մրցանակը, բայց դրանից հետո դեռ երկար ժամանակ շատ ֆուտբոլիստներ չեն կարողանա արժանանալ այս պարգևին:

Մխիթարյանի ներուժն ակնհայտ էր արդեն բավական երկար ժամանակ. նա Հայաստանի հավաքականում առանցքային դեր էր կատարում, երբ թիմը քիչ էր մնում Եվրոյի որակավորման փուլում պայքարից դուրս թողներ Իռլանդիային: Իսկ այս մրցաշրջանում, Ժադսոնի հեռանալուց հետո նա իսկապես ծաղկեցրեց «Շախտյորը»: Նրա մարզավիճակն այնքան ապշեցուցիչ էր, որ նա ստիպեց Միրչա Լուչեսկուին փոփոխութուններ մտցնել նրա կողմից սովորաբար կիրառվող «բրազիլացիներն առջևում, իսկ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչները ետևում» քաղաքականության մեջ: Երբ երեքշաբթի օրը «Դոնբաս Արենայում» «Շախտյորը» հանդիպի «Չելսիին», կասկած չկա, թե ում պետք է լոնդոնցիները կանգնեցնեն:

Նախորդ մրցաշրջանում, երբ Ժադսոնն էր ստեղծագործողի դերը զբաղեցնում 4-2-3-1-ում, իսկ Ֆեռնանդինյոն չէր խաղում վնասվածքի պատճառով, Մխիթարյանը խաղում էր հենակետայինի դիրքում: Սա այն դիրքը չէր, որն առանձնակի կերպով համատասխանում էր նրան և անարդարության զգացում չկար նրանում, որ ուկրաինացի Տարաս Ստեպանկոյին էր տրվում նախապատվությունը: Այդ մրցաշրջանն աղետալի ստացվեց «Շախտյորի» համար, որը վերջին տեղը զբաղեցրեց Ապոելից, Զենիթից և Պորտուից կազմված խմբում: Այնուամենայնիվ, նա շատ աշխատեց և նախորդ մրցաշրջանում ճանաչվեց «Շախտյորի» տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Երբ այս ամռանը Ժադսոնը վերադարձավ Բրազիլիա, մասնամբ ընտանեկան պատճառներով միանալով «Սան Պաոլոյին», մասամբ էլ Աշխարհի առաջնությունից առաջ հավաքական հրավիրվելու իր հնարավորությունները մեծացնելու համար, երկրպագուների մոտ հասկանալի մտահոգություն կար: Ամեն ինչից բացի, Ժադսոնն իր ստեղծագործական ունակություններով և գոլերով առանցքային կերպար էր այն թիմում, որը դարձավ Ուեֆա-ի գավաթի հաղթող: Ինչպես հետո պարզվեց, Մխիթարյանն ավելի քան ծածկեց այդ բացը: Այս մրցաշրջանում «Շախտյորը» հաղթել է իր բոլոր 12 խաղերում՝ խփելով 38 և բաց թողնելով 6 գոլ: Թիմը սուպերգավաթային խաղում հաղթել է «Մետալուրգին», իսկ սուպերգավաթային խաղում 4-1 հաշվով ջախջախել է «Դինամոյին», ինչը հանգեցրեց Յուրի Սյոմոմինի պաշտոնանկությանը: Չեմպիոնների լիգայում նրանք 2-0 հաշվով հաղթել են «Նորդշելանդին» և միայն բախտը չբերելու հետևանքով ընդամենը ոչ-ոքի խաղացին «Յուվենտուսի» հետ:

Եվ այս ամենի սրտում Մխիթարյանն էր, որը 14 անգամ կրակել է 12 խաղում, ինչպես նաև հեղինակել է «Նորդշելանդի» դեմ խաղի գոլերը. «Շատ չեմ կենտրոնանում գոլ խփելու վրա»,- ասել է նա և ճշմարտություն է այն, որ գնդակը դարպասն ուղարկելը միայն փոքրիկ մասնիկն է նրա, ինչ նա անում է:Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ հայկական պատերազմական պարը, ամեն անգամ հնչում է, երբ Մխիթարյանը գոլ է խփում: Այս մրցաշրջանում այն, հավանաբար, դարձել է «Դոնբաս Արենայի» ամենահաճախ հնչող ստեղծագործությունը: Շատ ավելի կարևոր է նրա դաշտը տեսնելու ունակությունը, երևակայությունը, ինտելեգենտը և Վիլիանին ու Ալեքս Տեյշեյրային խաղացնելու կարողությունը. «Մեր մեծ քայլը դեպի առաջ,- ասել է Լուչեսկուն: – Մխիթարյանի աճն է: Նա մեծապես զարգացրել է խաղը և բացել է նոր տարածություններ»:

1989 թվականին Երևանում ծնված Մխիթարյանը որոշ ժամանակ անց տեղափոխվել է Ֆրանսիա: Այստեղ նա մեկնել է հոր՝ Համլետի հետ, որը փառքի է արժանացել Երևանի «Արարատում», ապա Աբովյանի «Կոտայքից» տեղափոխվել է Ասօա Վալանս: Համլետն այնտեղ հինգ տարի անցկացրեց, երկու խաղի մասնակցեց նորանկախ Հայաստանի հավաքականի կազմում, ապա տեղափոխվեց Իսսի, որից հետո ավարտեց կարիերան և 1995-ին վերադարձավ Երևան: Մեկ տարի անց, երբ Հենրիխը յոթ տարեկան էր, Համլետը մահացավ գլխուղեղի ուռուցքի հետևանքով: Նրա ընտանիքը մնաց ֆուտբոլում. Հենրիխի մայրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ազգային հավաքականների բաժնի ղեկավարն է, իսկ նրա քույրը՝ Մոնիկան, աշխատում է Նիոնում գտնվող Ուեֆա-ի գրասենյակում: Նա Միշել Պլատինիի օգնականն էր, երբ վերջինս Եվրոյից առաջ ժամանել էր Դոնեցկ:

Երբ Մխիթարյանը 17 տարեկան էր, նա միացավ «Փյունիկին» և ակումբների միջև համագործակցության արդյունքում չորս ամիս անցկացրեց «Սան Պաուլուի» մանկապատանեկան մարզադապրոցում: Մեկ տարի անց նա իր նորամուտը նշեց ազգային հավաքականի կազմում, իսկ 20 տարեկան հասակում տեղափոխվեց «Մետալուրգ»: Այստեղ անցկացրած մեկ տարին բավական էր, որպեսզի համոզեր «Շախտյորին» 5 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել իր համար: Բացի այդ Լուչեսկուն նրան հետևում էր այն բանից հետո, երբ «Շախտյորն» ու «Փյունիկը» 2007-ին հանդիպել էին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

Մխիթարյանն աճում էր մեծ արագությամբ, անկասած օգնում էր նաև այն, որ «Սան Պաուլում» անցկացրած ժամանակահատվածում նա պորտուգալերեն էր սովորել և դա հեշտացնում էր թիմի բազմաթիվ բրազիլացիների հետ շփումը. «Մխիթարյանը ողնուծուծով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է,- ասել է Լուչեսկուն: – Նա այնպես է կառուցել իր հարաբերությունները թիմակիցների հետ, որ հեղինակություն է վայելում ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս»:

Գործընթացը, այնուամենայնիվ, ժամանակ պահանջեց և 21-ամյա ֆուտբոլիստը սկզբում անսովոր էր իրեն զգում նոր միջավայրում. «Սկզբնական շրջանում հեշտ չէր նրա համար»,- ասել է Լուչեսկուն: «Բայց նրա մերման գործընթացը արագացվեց նրա բարձր ֆուտբոլային ինտելեկտի շնորհիվ: Խաղի ընկալումը նրա թերևս ամենաարժեքավոր որակն է, որը համալրված է բնատուր արագությամբ, ուժով և տեխնիկայուվ, որը Մխիթարյանը զարգացնում է: Նա այն ֆուտբոլիստներից է, որն ամենից լավ է հասկանում մարզչական շտաբի առաջադրանքները: Նրա հետ աշխատելը հաճույք է»: Մխիթարյանը միգուցե չէր վայելում ավելի խորքից խաղալու փորձը, սակայն դա հաստատ զարգացրեց իր տակտիկական իրազեկվածությունը: «Նա ամբողջական ֆուտբոլիստ է,- ասել է Լուչեսկուն: – Նա նաև լավ է գործում գնդակ խլելիս»:

Նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում անհաջող ելույթներից հետո խոսակցություններ սկսվեցին Լուչեսկուին հեռացնելու մասին. նշվում էր ութ տարվա ընթացքում նա սպառել է նոր գաղափարները: Բայց Մխիթարյանը ռումինացի վետերանին և «Շախտյորին» լավատեսության նոր պոռթկում պարգևեց: Լուչեսկուն միշտ ընգծում է թիմի միասնականության մասին, բայց կասկած չկա, թե ով է այդ թիմի էներգիայի աղբյուրը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում