The Independent-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրագործմանը գերմանացիների մասնակցությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում երբեւէ չհրապարակված լուսանկարի միջոցով, որն արվել է 1915թ. ամռանը, բրիտանական հեղինակավոր The Independent-ը բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի մասնակցության մասին:
«Գետնին մարդկային գանգեր են, դրանք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան թուրքերի կողմից հայերի դաժան կոտորածների վկայություններն են: Գանգերի հետեւում` լուսանկարչական սարքի օբյեկտիվի կենտրոնում, թուրք սպաներ են, կողքին քրդական հագուստով եւս մեկ մարդ: Բայց մյուս երկուսը գերմանացիներ են` զինվորական հագուստով, կայսերական գոտիով ու վերնազգեստով: Դա վայրագությունը պատկերող մի լուսանկար էր` ճիշտ այնպիսին, ինչպիսին նացիստներն էին արել քառորդ դար դրանից հետո` պատկերելով հրեական Հոլոքոստի զոհերի առջեւ կանգնած իրենց զինվորներին»,-գրում է The Independent-ը:
Լրատվամիջոցին հետաքրքրել է մասնակցել են արդյոք գերմանացիները քրիստոնյա հայերի սպանություններին 1915 թվականին: Սա այդպիսի առաջին լուսանկարը չէ, գերմանացիները մեծապես ներգրավված են եղել 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված առաջին հոլոքոստի իրականացման գործում: Գերմանացի դիվանագետները սարսափով են արձանագրել 1,5 միլիոն հայ բնակչության բռնի տեղահանումն ու մասսայական սպանությունները` անվանելով թուրք մարդասպաններին «տականք»: Գերմանացի խորհրդարանականները Ռեյխստագում դատապարտել են կոտորածները:
The Independent-ը հիշատակում է գերմանացի Արմին Վեգներին, ով վտանգել է կյանքը` լուսանկարելով ցեղասպանության ենթարկված հայերին: Նրա մասունքներն ամփոփված են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ էլ հայտնաբերվել է լուսանկարը: