Հարցազրույց

Հայր եւ որդի Ազարյանների համար օլիմպիական չեմպիոնի կոչումը հպարտության առիթ է

4 րոպեի ընթերցում

Հայր եւ որդի Ազարյանների համար օլիմպիական չեմպիոնի կոչումը հպարտության առիթ է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային սպորտի պատմության մեջ այս ընտանիքը եզակի է. այն երկու Օլիմպիական չեմպիոն է տվել: Մարմնամարզիկներ, հայր եւ որդի Ալբերտ եւ Էդուարդ Ազարյանները հետաքրքիր, յուրօրինակ ու բացառիկ մարզական «կենսագրություն» ունեն: «Արմենպրես»-ը սկսում է հարցազրույցների մի շարք, որը նպատակ ունի վերհանելու, ընթերցողին ներկայացնելու «հայրերի եւ որդիների» հաջողված կենսագրությունները, նրանց «երկխոսությունն» ու «ժառանգաբար» փոխանցվող կենսափորձն ու մասնագիտությունը:

-Արդյո՞ք մասնագիտության ընտրության հարցում ծնողների ազդեցությունը եղել է ձեզ վրա:

Ալբերտ- Ամեն ինչ սկսվեց դարբնի աշակերտ լինելուց: Իրականում, ես ինքս եմ ընտրել մարմնամարզիկի ուղին: Հայրս չկար, իսկ մայրիկիս համար դա այդքան էլ մեծ նշանակություն չուներ: Մինչ կսկսեի հիմնովին մարմնամարզությամբ զբաղվել` ընդունվեցի նաեւ տեխնիկում:

Էդուարդ- Ինձ մոտ ամեն ինչ այլ ընթացք ունեցավ: Աչքս բացելուն պես` ես «մարմնամարզության մեջ» էի: Փոքր տարիքից անգամ միշտ ծնողներիս հետ էի, ամենուր` թե դահլիճում, թե մրցումների ժամանակ: Իսկ արդեն վեց տարեկանում սկսեցի պրոֆեսիոնալ ձեւով զբաղվել մարմնամարզությամբ: Միաժամանակ ավարտեցի նաեւ Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

-Արդյո՞ք ավագ Ազարյանի ազդեցությունը կա Էդուարդի մարմնամարզությամբ զբաղվելու վրա:

Ալբերտ- Ի սկզբանե մարմնամարզիկ Էդուարդով զբաղվում էի ես, հետո հասկացա, որ սեփական զավակից չեմ կարող օլիմպիական չեմպիոն կերտել եւ գործը փոխանցեցի ընկերոջս` Վարդգեսին: Ամեն ինչ անում էինք նրանից լավ մարզիկ ստեղծելու համար: Եւ խստություն կար եւ պահանջներն էին շատ: Ի վերջո, սպասված արդյունքին հասանք` Էդուարդը դարձավ օլիմպիական չեմպիոն:

Էդուարդ- Հայրս շատ մեծ ներդրում ունի իմ կայացման գործում: Ես միշտ ցանկացել եմ նմանվել նրան: Նա միշտ կողքիս էր` իր կուտակած փորձով ու ասելիքով հանդերձ: Օգնում էր անգամ` դահլիճում իր ներկայությամբ:

-Ի սկզբանե ցանկացե՞լ եք, որ ձեր որդիները շարունակեն Ձեր «կիսատ թողած» գործը:

Ալբերտ-Ես ունեմ չորս երեխա` երկու տղա եւ երկու աղջիկ: Ոչ մեկը չցանկացավ շարունակել իմ գործը: Աղջիկներս իրենց փորձեցին գեղարվեստական մարմնամարզության մեջ, բայց ոչ մի ակնհայտ արդյունքով: Միայն փոքր տղաս` Էդուարդն էր, որ շարունակեց իմ գործը:

Էդուարդ-Ցանկություն կար, եւ այն էլ այնքան մեծ, սակայն որդիս չգնաց իմ եւ հորս ճանապարհով: Որդիս ուրիշ ուղի ընտրեց:

-Ազարյանների ընտանիքը միակն է մարմնամարզության պատմության մեջ, որ երկու օլիմպիական չեմպիոն ունի, հպարտանո՞ւմ եք սրանով:

Ալբերտ-Բացի նրանից, որ մեկ ընտանիքից երկու օլիմպիական չեմպիոն ունենք` կինս նույնպես Խորհրադային Միության տարիներին մարմնամարզության Հայաստանի չեմպիոն էր: Սա էլ մի յուրօրինակություն է: Ամեն դեպքում` թե իմ, եւ թե Էդիկի համար, Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը մեծ պատիվ եւ հպարտություն է:

Էդուարդ- Այո, դա միայն եւ միայն հպարտություն է: Մեր ընտանիքը միակն է, որ երկու օլիմպիական չեմպիոն ունի: Ոչ պարտավորեցնող, եւ ոչ էլ ժխտող ոչինչ չկա:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում