Հասարակական

Հայոց ցեղասպանության ժխտումը Սլովակիայում պատժվում է օրենքով. Շտեֆան Հարաբին

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության ժխտումը Սլովակիայում պատժվում է օրենքով. Շտեֆան Հարաբին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում էրՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շտեֆան Հարաբինը և Արման Մկրտումյանը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, այդ թվում նաև Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը:

Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը մեծ ներդրում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Սլովակիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին: Այդ երկրում իրավական ուժ ունի նաեւ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը: Օրենքովքրեական պատասխանատվության (5 տարի ազատազրկում) կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կմերժեն Սլովակիայում ընդունված Ցեղասպանություններից որեւէ մեկը:

«Այս հարցում ամեն ինչ հստակ է, քանզի Սլովակիայում առկա է օրենքի գերակայությունը. խստորեն կպատժվեն նրանք, ովքեր կանտեսեն Ցեղասպանության փաստը:Ես հարգում եմ մարդու կյանքը և խաղաղ կյանքի ու հարցերի խաղաղ լուծման կողմնակիցն եմ: Անհնար է մոռանալ այն անմեղ մարդկանց, ովքեր դաժանությունների զոհ դարձան»,-ասաց Հարաբինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում