Էդգար Մանուչարյանը վստահ է, որ կարելի է լավ արդյունքի հասնել Իտալիայի հետ խաղում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ի «բաց» մարզումով սկսեց նախապատրաստվել Հայաստան-Իտալիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկար դադարից հետո կրկին ազգային հավաքական է հրավիրվել Էդգար Մանուչարյանը: Վերջինս մարզումից հետո լրագրողների հետ խոսեց Իտալիայի հետ մոտակա խաղի մասին.
-Ինչպիսի՞ն են տպավորությունները երկար ժամանակ հավաքականից բացակայելուց հետո:
-Երբ հավաքական եմ գալիս, տպավորությունները լավ են լինում: Երկար ժամանակ է, ինչ հավաքական չէի հրավիրվել, եւ այս հրավերը շատ կարեւոր էր: Ես հիմա լավ մարզավիճակում եմ` թե ֆիզիկապես եւ թե հոգեպես: Պատրաստ եմ օգնելու հավաքականի տղաներին:
-Ինչպիսի՞ն է մթնոլորտը մեր թիմում:
-Ինչպես միշտ` մարտական: Մեր նպատակը միայն հաղթելն է: Իհարկե Իտալիան շատ հզոր հավաքական ունի, բայց մենք հզոր հավաքակնների դեմ միշտ լավ ենք խաղում: Ամեն ինչ կորոշվի դաշտում:
-Սարգիս Հովսեփյանի բացակայությունը կազդի՞ հավաքականի խաղի վրա:
-Իհարկե, Սարգիսի տեղը զգացվում է: Ինձ համար պարզապես հպարտություն է այն փաստը, որ երկար տարիներ հանդես եմ եկել նրա կողքին: Հովսեփյանը միշտ առաջատար է եկել` իսկական ավագը:
-Բացի Հովսեփյանից, մի քանի առաջատար ֆուտբոլիստներ եւս բաց կթողնեն այս հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք խաղից:
-Ես կարծում եմ` ով էլ փոխարինի, նրանց արժանի կլինի: Վստահ եմ, որ Մարկոսի եւ Ղազարյանի բացակայությունը կազդի խաղի վրա, բայց պետք է առանց նրանց էլ ճանապարհը շարունակենք եւ լավ արդյունքի հասնենք:
-Ո՞վ է ամենավտանգավոր խաղացողն Իտալիայի հավաքականում:
-Երեւի ամբողջ հավաքականը: Բոլորը, եւ վտանգավոր, եւ բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Նախեւառաջ շատ հաճելի է հանդես գալիս նման թիմի դեմ` փորձ ձեռք բերելու համար: Եվ հետո, եթե ցանկություն կա Բրազիլիայի ուղեգիր նվաճելու, ապա բոլոր տանը անցկացրած հանդիպումները պետք է դրական արդյունքով ավարտենք:
-Պարտությունը Բուլղարիայի դեմ խաղում հավաքականի մթնոլորտի վրա չազդեց:
-Մենք ճիշտ հետեւություններ ենք արել, եւ ամեն ինչ արդեն անցյալում է: Հիմա էլ չենք մտածում Բուլղարիայի հետ խաղի մասին: