Հասարակական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մասնակցել է Ծերացման հարցերով Վիեննայի համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մասնակցել է Ծերացման հարցերով Վիեննայի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան պատվիրակությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 19-20-ին Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ծերացման հարցերով նախարարական համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովը կազմակերպվել էր Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 50 երկրների կառավարությունների պատվիրակություններ:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով ծերացման հիմնախնդիրների հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և ընթացիկ բարեփոխումները:

Իր ելույթում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարը հատուկ անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին: Մասնավորապես, Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն էր, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակել է Ծերացման հիմնախնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թ-ի օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը կարևորել է Հայաստանի փորձի տարածումը տարածաշրջանի մյուս երկրներում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առանձին հանդիպումներ է ունեցել նաև տարբեր երկրների իր գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում