ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,3 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 8 տոկոսով:Աճ է արձանագրվել նաև արդյունաբերական արտադրանքի թողարկման ասպարեզում, որը կազմել է 13,2 տոկոս: Օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,7 տոկոսով, թեև 2012թ. հուլիսի նկատմամբ օգոստոսին տեղի է ունեցել 1,7 տոկոսի անկում:
Տարին նպաստավոր է գյուղմթերքների արտադրության համար, որտեղ օգոստոսին գրանցվել է 12,3 տոկոսի աճ, իսկ ահա 2012թ. հուլիսի նկատմամբ օգոստոսին աճը կազմել է 84,1 տոկոս:
Վիճակը բարվոք չէ շինարարության ոլորտում: Այն այդպես էլ չի կարողանում վերականգնել 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից առաջ ցույց տված ցուցանիշները:
Շինարարության ոլորտում 2012թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 3,8 տոկոս, իսկ ութ ամիսների կտրվածքով`4,1 տոկոս:
Ամառվա ամենաակտիվ սեզոն համարվող օգոստոսին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1,6 տոկոսով, իսկ հուլիսի նկատմամբ աճն ավելի էական է `4,3 տոկոս: Ոլորտում ութ ամսվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եւս աճել է 2,8 տոկոսով:
2012թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 2,5 տոկոսով: Ութ ամիսների կտրվածով ցուցանիշն աճել է 2,2 տոկոսով, թեև 2012թ. հուլիսի նկատմամբ օգոստոսին տեղի է ունեցել գնանկում` 3,4 տոկոսի չափով:
Հայաստանում աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը. աճը 2011թ. օգոստոսի նկատմամբ կազմել է 3,5, իսկ ութ ամիսների կտրվածքով աճն ավելի էական է`7,1 տոկոս:
ՀՀ ազգային վիճակագարական ծառայության տվյալներով` 2012թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է միջին ամսական անվանական աշխատավարձը: Ընդ որում, պետական հատվածում այդ աճն ավելի զգալի է`7,5, քան մասնավորում`6 տոկոս: Պետական հատվածում 2012թ. օգոստոսին միջին աշխատավարձը կազմել է 97 հազար 911, մասնավորում`147 հազար 367 դրամ:
2012թ. հունվար-օգոստոսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումն աճել է 11,4 տոկոսով, արտահանման ցուցանիշը 2012թ. օգոստոսին, սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 0,8 տոկոսով: 2012թ. օգոստոսին Հայաստանից արտահանվել է 119,3 մլն, ներմուծվել` 350,5 մլն դոլարի արտադրանք: 2012թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումը կրճատվել է 12 տոկոսվ:
2012թ. հունվար-օգոստոսին Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 921 մլն, ներմուծվել 2 մլրդ 686 մլն դոլարի արտադրանք: Բացասական սալդոն կազմել է 1 մլրդ 765 մլն դոլար: