Քաղաքականություն

Քաղաքագետը Եվրոպային մոռացկոտ է համարում. պատմաքաղաքական կարեւոր դրվագներում հայ ժողովուրդը մեծ դեր է ունեցել

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետը Եվրոպային մոռացկոտ է համարում. պատմաքաղաքական կարեւոր դրվագներում հայ ժողովուրդը մեծ դեր է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին համաշխարհային պատերազմի հայտնի կողմերն ու այսօրվա սաֆարովյան գործարքում դերակատար կողմերը ունեն բազմաթիվ ընդհանրություններ:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը` զուգահեռներ անցկացնելով պատմական մի շարք դրվագների ու ներկա քաղաքական իրադրության միջև: Նա նշեց, որ 1918 թ. այս օրը Հայաստանի ռազմաքաղաքական պատմության օրացույցի մեջ բացառիկ տեղ է գրավում:

«1918թ. սեպտեմբերի 19-ին Պաղեստինում` այսօրվա Նաբլուս քաղաքի հարավում, Արարա լեռան և Ռաֆաթ գյուղի միջև գտնվող տարածքում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ճակատամարտը բացառիկ է եղել Առաջին համաշխարհային պատերազմում. Անտանտի ուժեր (Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, հետագայում ԱՄՆ) ընդդեմ Օսմանյան Թուրքիա-Գերմանիա-Ավստրոհունգարիայի ճակատի: «Անգլիական զորքերը, որոնց հրամանատարությամբ նաև հայկական լեգեոնն էր կռվում, երեք անգամ ապարդյուն գրոհել էին գերմանացի հրամանատարի ղեկավարած թուրքական ուժերի դեմ: Անգլիական լեգեոնի երեք պարտություններից հետո առաջին գիծ է դուրս բերվել հայկական լեգեոնը, որը երեք ժամում ջախջախել է թուրք-գերամանական ճակատը»,-հավելեց քաղաքագետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատմական այս կարևոր դրվագի մասին բոլոր վավերագրերը Շիրինյանն ամփոփել է «Հայ զինական ուժը առաջին աշխարհամարտի վերջնափուլում»: Անդրադառնալով բազմաթիվ պատմաքաղաքական դրվագներում հայ ժողովրդի կարևոր դերին` Շիրինյանը նշեց, որ այսօր պարզ է դառնում, որ Եվրոպան մոռացկոտ է` չնայած պարտք ունի տալու:

Անհուսալի դաշնակիցների հետ հարաբերություններում նա կարևորեց ներպետական կազմակերպվածությունը: «Որպես ժողովուրդ հուզական ենք, մեր արժեքային համակարգը շատ է հայտնի, և ուղեղային կենտրոնները շատ հեշտ կկարողանան կառավարել մեզ. պետք է ներպետական կազմակերպվածություն, պետք է դիվանագետ լինել»,-հավելեց նա: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի հետ կապված հունգարական գործարքին` Լևոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ չի հավատում հունգարական գործարքի դրամական կողմին. «Ջինը բաց է թողնվել շշից, այն ժամանակ, երբ դա պետք է եղել. ուրեմն ինչ-որ մեկին պետք է եղել»:Քաղաքագետի կարծիքով` այն չի կարող միայն Հունգարիայի վարչապետի որոշումը լինել: Եթե միայն նրա որոշումը լիներ, ապա Հունգարիայի վարչապետը, արտգործնախարարը վաղուց պաշտոնանկ արված կլինեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում