Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը չի սիրում, երբ իրեն համեմատում են իր մեծ անվանակցի հետ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի վերելքի, անցած մարզական ուղու եւ առաջիկա անելիքների մասին«Արմենպրես»-ը զրուցեց թիմի ամենաերիտասարդ անդամ, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ:
-Որտե՞ղ եւ ինչպե՞ս սկսվեց Տիգրան Պետրոսյանի շախմատային օլիմպոսը տանող ուղին:
-Ես շախմատ սկսել եմ խաղալ 5 տարեկանից: Հետագայում սկսեցի նաեւ շախմատի դպրոց հաճախել, առաջին մարզիչս եղել է Սարգսյան Գագիկը: Ինը-տասը տարեկանից սկսեցի արդեն մասնակցել աշխարհի, Եվրոպայի պատանիների առաջնություններին: Իսկ առաջին լուրջ հաջողության հասա 13 տարեկանում, երբ հենց Ստամբուլում դարձա պատանիների օլիմպիական չեմպիոն: Հետո նաեւ Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող դարձա: 19 տարեկանում նվաճեցի գրոսմայստերի կոչում :
-Տիգրան, արդյո՞քքեզ չիպարտավորեցնում Տիգրան Պետրոսյան անուն-ազգանունը, թե՞ ավելի շատ ուժ է տալիս:
-Հայրս շատ էր ուզում, որ շախմատիստ դառնայի: Հենց այդ նպատակով էլ Տիգրան են անվանակոչել: Ինձ համար մանուկ հասակում պարտավորեցնող էր Տիգրան Պետրոսյան անունը: Սակայն այժմ կարծում եմ, որ թեկուզ քիչ (համեստորեն ժպտում է), բայց նկատելի հաջողությունների եմ հասել: Այդ իսկ պատճառով չեմ սիրում, երբ ինձ համեմատում են ավագ Պետրոսյանի հետ: Ամեն մեկս մեր տեղն ու դերն ունենք հայկական շախմատի պատմության մեջ: Չնայած կարծում եմ, որ ավագ Տիգրան Պետրոսյանից է սկսվել հայկական շախմատի պատմությունը:

-Շախմատի հավաքականի ամենաերիտասարդ անդամն եք, պատասխանատվությունը ավելի՞մեծ է, թե՞փոքրերին ներվում է ամեն ինչ:
-Իհարկե, ամենաերիտասարդը ես եմ, բայց տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէ մյուսների համեմատ: Օրինակ` Գաբրիելը մեկ տարի է ինձանից մեծ, Լեւոնը` երկու: Շախմատում այդ մեկ- երկու տարիներն այդքան էլ մեծ նշանակությունի չունեն: Ու եթե ինչ-որ սխալներ կամ անհաջող պարտիաներ էլ լինում են, ապա երբեք ոչ-ոք որեւէ մեկի չի նախատում:
-Շախմատի մեր հավաքականի հաղթանակի գաղտնիքը համարվում է միասնությունը: Ի՞նչն է, որ միասնական է դարձնում ձեզ:
-Միասնականությունը սկսվում է այնտեղից, որ մրցաշարերից դուրս մենք շատ մտերիմ ընկերներ ենք: Ամեն ինչ գալիս է դրանից: Մնացած հավաքականների մոտ նման բաներ չես տեսնի: Օրինակ` օլիմպիադաների ժամանակ հավաքվում են, միասին խաղում, բայց չես տեսնի այդ միասնությունը: Մենք շախմատային առումով ոչինչ չենք թաքցնում իրարից: Մենք կիսվում ենք մեր վերլուծություններով, եթե մեզանից մեկը վատ է խաղում, ապա բոլորը միշտ հասնում են, ոգեւորում են: Ապրում ենք ինչպես մեծ ընտանիք, անկեղծորեն հոգում ենք միմյանց մասին: Իսկ այս ամենը չի կարող չազդել արդյունքի վրա: Երբ թիմային խաղերի ժամանակ դու սայթաքում ես, ապա համոզված ես, որ ընկերդ միշտ քեզ օգնության կհասնի:
-Ձեր կարծիքով բոլոր հաղթանակները նո՞ւյն բերկրանքն են պարգևում:
-Ոչ, ինչպես բոլոր մարզաձեւերում, այնպես էլ շախմատում, օլիմպիական մեդալները բարձրագույն արժեքներ են: Առանձնակի յուրօրինակ էր այս օլիմպիադան, որը տեղի ունեցավ Ստամբուլում: Նախ այն, որ անցած օլիմպիադայում այդքան էլ լավ արդյունք չէինք ցուցադրել, եւ ես էլ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո նոր էի վերադարձել հավաքական: Եվ հետո, մենք հիշեցրինք ամբողջ աշխարհին, որ Հայաստանի հավաքականն ուժեղագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ` ուժեղագույնը, եւ որ մեզ հետ պետք է հաշվի նստել:
-Ո՞ր մեդալն է պակասում Տիգրան Պետրոսյանի հաղթանակների զամբյուղում:
-Հաջորդ քայլերը, որ ուզում են անել` բարձրացնել անհատական վարկանիշս: Նախ հունվարին կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը, ցանկություն ունեմ նաեւ հաղթելու Եվրոպայի առաջնությունում: Մինչ այս պահը միայն այդ երկու մրցաշարերի մասին գիտեմ, որ հաստատ մասնակցելու եմ:

-Ինչպե՞ս ես պատրաստվում նշելծննդյանդ օրը:
-Վերադարձից հետո ամեն օրը կարծես տոն է: Փոքրիկ վախ ունեմ, որ ծննդյանս օրն էլ կձուլվի այդ օրերին եւ կդառնա սովորական մի օր: Այդ պատճառով ուզում եմ յուրահատուկ մի բան մտածել: Գուցե ընտանիքով կամ ընկերներիս հետ Հայաստանից դուրս կամ հենց Երեւանում մի ինչ-որ բան անենք:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Արեւ Գրիգորյանի