Պետական կառույցների աշխատակիցների մասնակցությամբ կրկին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարի մասնակից թիմերի վիճակահանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության մամլո ծառայությունից` մրցաշարին կմասնակցեն պետական կառավարման 14 գերատեսչությունների թիմեր, որոնք բաժանված են երկու ենթախմբերի` 7-ական թիմերով:
«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը հիմնադրվել է 2009 թվականին:Մրցաշարն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, որի կողմից տրամադրում են անհրաժեշտ մարզադաշտերը, մարզագույքը և մրցավարական կազմը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի խոսքով, ով նաև մրցաշարը կազմակերպող աշխատանքային խմբի ղեկավարն է, այս միջոցառումը բացառապես ուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի արմատավորմանը պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, ինչպես նաև աշխատանքային-բարեկամական կապերի ամրապնդմանը: Նշենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարն անցկացվում է 4-րդ անգամ, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվելու են համապատասխանաբար 600 հազար, 400 հազար և 200 հազար դրամ պարգևներով, գավաթներով, մեդալներով և մարզահագուստներով, իսկ խաղերը կայանալու են Երևանի «Փյունիկ» ակումբի, Աշտարակի և Աբովյանի մարզադաշտերում: