Քաղաքականություն

Հայ-իրաքյան պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայ-իրաքյան պայմանավորվածությունները նոր էջ  կբացեն երկկողմ հարաբերություններում. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 7-ինընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած՝ Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը, և ընդգծել, որ այցն ունի նաև կարևոր քաղաքական ազդակ: Նախարարը հույս է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքի փոխվարչապետը նշել է, որ տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական: Ռաուշ Նուրի Շաուեյսի խոսքերով` իրաքյան պատվիրակության այցի նպատակն է համագործակցության զարգացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը, հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելը ու գոհունակությամբ ընդգծել, որ Երևանում կայացած հանդիպումները բավականին արդյունավետ էին:

Իրաքի փոխվարչապետը վերահաստատել է իր կառավարության որոշումը Երևանում դեսպանատուն բացելու վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրաքյան տնտեսական, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, արդյունաբերության, մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը կարևորվել է նաև իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

Իրաքի փոխվարչապետը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Նախարար Նալբանդյանն ու փոխվարչապետ Շաուեյսը մտքեր են փոխանակել Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում