Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին նախապատրաստվում է Մոնտենեգրոյի հետ խաղին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին անցկացրեց իր հերթական ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով Եվրոպայի 2013 թ առաջնությանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, ուսումնամարզական հավաքը սկսած Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի 10-ին Մոնտենեգրոյի Պոդգորիցա քաղաքում կայանալիք Մոնտենեգրո-Հայաստան 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը:
«Բաց» մարզումից հետո ֆուտբոլիստները վստահեցրին, որ բոլոր հնարավորությունները կան հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար, եւ որ պայքարը լինելու է միայն 3 միավորի համար:
Ուելսի հավաքականի հետ խաղից հետո մեր ընտրանին խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղը 16 միավորով զբաղեցնում է Չեխիայի ընտրանին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել մեր թիմից: Հայաստանն ունի 14 միավոր, Ուելսը` 10, Մոնտենեգրոն` 9, Անդորրան` 0 միավոր: Մոնտենեգրոյի հետ խաղը մրցաշարային որևէ խնդիր այլևս չի լուծում: Եվրո-2013-ի եզրափակիչ փուլի 7 ուղեգրի տերերը կորոշվեն փլեյ-օֆֆում, որտեղ հանդես գալու իրավունք կստանան ընտրական մրցաշարի 10 խմբերի հաղթողները եւ լավագույն 4 երկրորդ տեղ գրաված թիմերը:
Ներկա դրությամբ Հայաստանի ընտրանին իր արդյունքներով ընդգրկված է բոլոր խմբերի լավագույն 4 հավաքականների թվում: Եթե Հայաստանը հաղթանակով ավարտի Մոնտենեգրոյի հետ մրցավեճը, ապա, ամենայն հավանականությամբ, դուրս կգա փլեյ-օֆֆ: