Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ն խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ն խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարելով սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցում Հունգարիայի իշխանությունը ևս կրում է պատասխանատվություն, և ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը եւ խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին նշված է ԱԺ հայտարարության նախագծում, որը սեպտեմբերի 4-ին ողջ օրը քննարկվել է ԱԺ խմբակցությունների հետ և արտահայտում է ԱԺ-ում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների տեսակետը:

ՀՀ ԱԺ–ը, անդրադառնալով ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սահիբ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը՝ արձանագրում է նաև, որ «Ադրբեջանն այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը»։

Նշվում է նաև, որ «Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

5-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը նաև հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջև 2012թ օգոստոսի 31-ին իրականացված գործարքը և ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը եւ համապատասխան հստակ գործողությունները:

Զուգահեռաբար, ընդգծվում է, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը, այն դեպքում, երբ նման որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել և «ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար»:

ՀՀ ԱԺ-ն նաև փաստում է, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաեւ կոչումների ու տարատեսակ պարգևների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսեւորում է միջազգային հանրության նկատմամբ և նշում, որ այս հանցագործությունը հետեւանք է ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար քարոզվող այլատյացության քաղաքականության:

«Իսկ հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանի նախագահը և ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի համար պատասխանատվությունը»,-նշված է հայտարարության նախագծում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին պատգամավորական նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, որն էլ քննարկումների միջոցով, ապա քվեարկությամբ հայտարարության նախագիծը կդարձնի հայտարարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում