Ուկրաինան կձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացն ակտիվացնելու համար. Ուկրաինայի ԱԳՆ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորապես ցավում է Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սրացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով unian.net-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Օլեգ Վոլոշինը: «Վստահ ենք, որ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները պետք է հիմք հանդիսանան այդ դժվար իրավիճակից դուրս գալու համար»,- ասել է Վոլոշինը: Նրա խոսքով` Ուկրաինան, որպես ապագայում ԵԱՀԿ համանախագահող երկիր, մտադիր է նպաստել կազմակերպության անդամ-երկրների միջև կառուցողական հարաբերությունների զարգացմանը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան կձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու համար` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ:
Հայաստանը կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն, այն բանից հետո , երբ օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ հայ սպայի սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված սպա Ռամիլ Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ Ադրբեջանի նախագահը նրան ներում է շնորհել եւ բարձրացել է կոչումը: