ԵՄ-ն մտահոգված է ոճրագործ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձման հետեւանքներով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հորդորում է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին` երկկողմ հարաբերություններում թույլ չտալ լարվածության ցանկացած տեսակի սրացում` կապված Հունգարիայից Ադրբեջան Ռամիլ Սաֆարովի արտահանձման հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչը: «Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին հրապարակային հայտարարություններում զսպվածություն ցուցաբերել, որպեսզի կարողանաք խուսափել իրավիճակի սրումից»,-նշել է Կոչիյանչիչը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` ԵՄ-ն հատկապես անհանգստացած է այն հնարավոր ազդեցությամբ եւ հետեւանքներով, որոնք կարող են ստեղծվել Հարավային Կովկասի տարածաշրջանում:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: