Լեռնային Ղարաբաղը, որը մեծ հաջողությունների է հասել պետական ինստիտուտների կառուցման գործում, ունի լուրջ ներուժ. Աբխազիայի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա են ակտիվ կապեր, մենք գիտենք` ինչով է ապրում Ղարաբաղը, նրանք գիտեն` ինչով ենք մենք ապրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտարարել է Աբխազիայի չճանաչված հանրապետության նախագահ Ալեքսանդր Ակվաբը « Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում:

«Ես հիշում եմ 2005 թվականը, մենք` աբխազական պատվիրակությունը, վերադառնում էինք Ստեփանակերտից, ճանապարհին մտքերով էինք կիսվում Լեռնային Ղարաբաղում ղեկավարման մակարդակի, այն մասին, թե ինչպես է աշխատում պետական ապարատը, ինչպիսին է տնտեսական զարգացածությունը, զինված ուժերի վիճակը, իրավապահ մարմինների աշխատանքը: Իմ գործընկերներն այդ ամենին շատ բարձր գնահատականներ էին տալիս: Սա խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը լուրջ ներուժ ունի որպես երկիր, որը մեծ հաջողությունների է հասել պետական ինստիտուտների կառուցման գործում»,- հայտարարել է Աբխազիայի նախագահը:

Նրա խոսքով` երկու երկրների համար չկա հեշտ ճանապարհ: «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները գիտեն, որ ազատությունը հասնում է դժվար պայքարով, դժվար աշխատանքով: Չճանաչվածությունը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի ու նրա քաղաքացիների անազատություն: Վաղվա օրվա վստահությամբ ապրող մարդիկ անձամբ ինձ ստիպում են մտածել, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ընդգծել է Ալեքսանդր Անկվաբը:

Հայերեն Русский