Քաղաքականություն

ՀՀԿ-ն քաղաքական ճնշումների չի դիմում. Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Կապանի քաղաքապետի ինքնաբացարկը

3 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն քաղաքական ճնշումների չի դիմում. Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Կապանի քաղաքապետի ինքնաբացարկը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Կապանի դաշնակցական քաղաքապետի ինքնաբացարկի հայտարարությունը: «Մեծ հարգանք ունենալով Արթուր Աթայանի հանդեպ, ով նաեւ ազատամարտիկ է եղել, իսկ վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանի խոշորագույն համայնքներից մեկը, պիտի ասեմ, որ իր որոշումն է` առաջադրվել, այնուհետեւ ինքնաբացարկ հայտնել: Ես, որպես ՀՀԿ խոսնակ, ընդամենը կարող եմ ասել, որ հանրապետականի գործելաոճի մեջ չեն մտնում քաղաքական ճնշումները»,- նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով` Հանրապետական կուսակցությունն առաջնորդվում է միայն ազատ մրցապայքարի սկզբունքով: Անդրադառնալով «ճնշումների» մասին քաղաքապետի հայտարարությանը` ՀՀԿ խոսնակը նշեց, որ առանց փաստերի որեւէ խոսք համարում է բամբասանք. եթե կա ճնշում, կա որեւէ խնդիր, դրա համար կան երկրում իրավապահ մարմիններ: «Ես չեմ ուզում ենթադրություններ անել, ընդամենը կարող եմ ասել` հնարավոր է` գործող քաղաքապետը ճիշտ է իր շանսերը գնահատել եւ տեսել է, որ շանս չունի` հաղթելու հանրապետական թեկնածուին»,- ասաց Շարմազանովը:

Կապանի գործող քաղաքապետ Արթուր Աթայանն օգոստոսի 30-ին ինքնաբացարկի հայտարարություն է արել, որում, մասնավորապես, ասվում է, որ «օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն, ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ»: Աթայանը նշում է, որ իր կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների:

«Ինձ համար քաղաքապետի աթոռն ինքնանպատակ չէ, ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները:Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները»,- նշում է քաղաքապետը: Նա կապանցիներից ներողամտություն է ակնկալում, վստահեցնում, որ այսուհետ եւս ամեն ինչ անելու է իր քաղաքի ու ընկերների համար:

Կապանի քաղաքապետի պաշտոնի համար ՀՅԴ անդամ Արթուր Աթայանի մրցակիցը սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանն էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում